Վարչապետ՝ մեկ տարով, Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետեւում լայվերին․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Շաբաթ օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ քաղաքական մի քանի տասնյակ ուժերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ սրբազանն ուշագրավ հայտարարություն է արել:
Ի պատասխան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հարցերին, սրբազանը նկարագրել է, թե ինչպես է պատկերացնում ժամանակավոր կառավարությունը. այն ձեւավորված կլինի անկուսակցական պրոֆեսիոնալներից, կպաշտոնավարի մեկ տարի ժամկետով, որից հետո կանցկացվեն նոր ընտրություններ, կընտրվի հիմնական իշխանություն:
Իսկ ուշագրավն այն է, որ վստահեցրել է, թե ժամանակավոր վարչապետը չպետք է մասնակցի ընտրություններին: Այսինքն՝ եթե Բագրատ սրբազանը դառնա վարչապետ, ապա դա տեւելու է ընդամենը մեկ տարի, եւ նա զբաղվելու է Փաշինյանի 6 տարվա քանդածը խելքի բերելով եւ ընտրություններ կազմակերպելով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխանության ներսում անհանգստություններն այլեւս անցել են, ՔՊ-ում վստահ են՝ այս պահին իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում:
Բանն այն է, որ վերջին օրերին անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների դադարը ուրախացրել է ՔՊ-ին: Իշխանականները հույսը դրել են այն բանի վրա, որ եթե անգամ անհնազանդության ակցիաները վերսկսվեն, դրանք այլեւս այն մեծ թափով չեն լինի, ինչ շարժման առաջին օրերին:
Ներքին քննարկումներում էլ նրանց մեծ մասը կարծիք է հայտնել, որ անհանգստանալ պետք չէ. «վտանգն» այլեւս անցել է. մարդիկ էլ չեն հավաքվի:
Հենց սրանով պայմանավորված էլ՝ վերջին օրերին իշխանականները կրկին ակտիվացել են ու խորհրդարանում ավելի «խրոխտ» ելույթներ են ունենում, ծաղրում Սրբազանին»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Թեեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն անցած շաբաթ համեմատաբար պասիվ գործողություններ էր իրականացնում` փողոցային պայքարի փոխարեն հետնաբեմային հանդիպումներ հանրության տարբեր խավերի հետ, սակայն իշխանությունները 24/7 ռեժիմով, խոշորացույցով հետեւում եւ արձագանքում են շարժմանը եւ առաջնորդի ցանկացած գործողությանը: Բայց իշխանությունը ձեւացնում է, թե շարժումը մարել է, իրենք մի գրամ մտահոգություն չունեն եւ այլն: Ընդ որում` նկատելի է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական մամուլն ու փորձագետները եւ արբանյակ ուժերը նույն գծի մեջ` նույն թեզերով կրկնում են բառացիորեն նույնը, ինչը վկայում է այն մասին, որ «սրբազան շարժման» դեմ հակաքարոզչությունը կառավարվում է մեկ կետից։
Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետեւում Բագրատ սրբազանի բոլոր քայլերին` ժամերով նստում է համակարգչի առաջ կամ հեռախոսով հետեւում է ուղիղ եթերներին, սրբազանի հանդիպումներն ու հայտարարություններն է լսում, մամուլին տված մեկնաբանությունները: Հետո իր ուսապարկերին հանձնարարականներ է իջեցնում, թե կոնկրետ որ դրվագին ինչպես պատասխանեն, ֆեյքերն ինչ գրեն Ֆեյսբուքում, ՔՊ-ականներն ինչպես հակադարձեն սրբազանին, որ շարժումը թափ չհավաքի: ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է զուսպ լինել լրագրողների հետ շփումներում, ինչն ակնհայտ է դարձել վերջին օրերին` ամենացինիկ ՔՊ-ականները փորձում են բարեկամաբար շփվել լրագրողների հետ, հանկարծ մեղմ ու բարեհամբույր են դարձել։