ՀՀ վերնախավը ոչ թե պետք է բողոքի առկա իրավիճակից, այլ վերահավաքի խարխլված ազգ-համակարգը․ Ոսկանյան

ՀՀ վերնախավը ոչ թե պետք է բողոքի առկա իրավիճակից, այլ վերահավաքի խարխլված ազգ-համակարգը․ Ոսկանյան

Մեզանում հաճախ անպատասխան հարց է հնչում է՝ այդ ինչպե՞ս է, որ համազգային աղետների խորապատկերին մեր ազգի մի խոշոր հատված անհաղորդ է դրանց, կամ ավելի պարզ ձևակերպմամբ՝ «ժանտախտի ժամանակ զբաղված է խրախճանքով»: Գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Խնդիրն, ըստ իս, շատ խորքային է և պայմանավորված է տասնամյակներ շարունակ տևած քարոզչական և քաղաքական տեխնոլոգիաների կիրառությամբ, որը կարելի է կոչել՝ որպես համակարգ ազգի լճացմանը, խարխլմանը կամ քայքայմանը միտված տեխնոլոգիական ազդեցություն, որը եղել է թե՛ ներսից, թե՛ դրսից։

Ինչպես ցանկացած համակարգ, ազգը ևս չի կարող դոփել իր տեղում։ Այն պետք է կա՛մ առաջընթաց ապրի ու զարգանա, կա՛մ լճանալով, մատնվի ապաստիճանման (դեգրադացիայի) և հետընթացի։

Հետևաբար, ազգային վերնախավերի խնդիրը պետք է լինի առաջինի ապահովումը, իսկ արտաքին թշնամիները և ներքին լյումպենները ձգտելու են երկրորդին։

Իզուր չէ, որ աշխարհի արդիական բանակները և հատուկ ծառայությունները ունեն հատուկ ստորաբաժանումներ, որոնք զբաղված են հոգեբանական և քարոզչական պատերազմների վարմամբ։

Ըստ այդմ, Հայաստանի և հայության ազգային վերնախավերը՝ քաղաքական, տնտեսական և մտավոր, ոչ թե պետք է միայն բողոքեն առկա իրավիճակից, այլ արձանագրելով այն, գործեն մեր խարխլված ազգ-համակարգը վերահավաքելու ուղղությամբ՝ ծանր ու ռեսուրսատար մի աշխատանք, որը անվերապահորեն պիտի խարսխված լինի միասնական նպատակների ու կամքի վրա»։