Սովամահություն՝ «քաղաքակիրթ» աշխարհի աչքերի առաջ

Արցախում սովամահության դեպք է արձանագրվել, երեկ հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ օմբուդսմենի տարածած հաղորդագրության, Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։
«Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետևանքները հանրային առողջության վրա առավել քան նկատելի և շոշափելի են, որոնք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների և տարեցների առողջական իրավիճակի վրա», - ասված է հաղորդագրությունում։
Այս դեպքը երեկ ցնցել է մեր հասարակությանը, նոր հուզումների տեղիք է տվել Արցախում, որտեղ մի խումբ քաղաքացիներ ուշ երեկոյան շրջափակել են Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի մուտքերը:
Արցախում գրանցվել է սովամահության առաջին դեպքը՝ ՄԱԿ ԱԽ նիստից մեկ օր առաջ:
Իհարկե, ակնհայտ է, որ նման իրադարձությունները հազիվ թե ազդեն միջազգային դերակատարների դիրքորոշումների, մոտիվների, վարքագծի վրա:
Մյուս կողմից, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի հարցը հայտնվել են ՄԱԿ ԱԽ օրակարգում: Եթե այսօրվա նիստում Արցախում աղետը կանխող բանաձև, որոշում չընդունվի, ապա իրավիճակի ողջ պատասխանատվությունը ընկնելու է հեղինակավոր այս մարմնի մշտական անդամների վրա, որոնց լռելյայն կոնսենսուսն անցած ամիսներին նպաստել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության իրականացմանը:
Վահրամ Բագրատյան