Եռակողմ հանդիպում տեղի չունեցավ. Լաչինի միջանցքը փակ է մնում

Եռակողմ հանդիպում տեղի չունեցավ. Լաչինի միջանցքը փակ է մնում

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված չէ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ չբացառելով երկկողմ շփումների հնարավորությունը:

Դեռևս ուրբաթ օրն ակնհայտ էր, որ Պուտին- Փաշինյան- Ալիև հանդիպման հնարավորությունը մշուշոտ է, որովհետև Հայաստանի ԱԳ նախարարը հրաժարվեց մասնակցել եռակողմ նախարարական հանդիպմանը:

Հայաստանի իշխանությունը պատրանք ստեղծեց, թե Միրզոյանը չի մեկնում Մոսկվա՝ եռակողմ հանդիպմանը, որովհետև զբաղված է Լաչինի միջանցքի բացման հարցերով:

Ի սկզբանե անլուրջ մի փաստարկ էր, որովհետև գետնի վրա Լաչինի միջանցքի հարցի լուծումը կախված է հենց Ռուսաստանից ու Ադրբեջանից, որոնց ԱԳ նախարարների հետ հանդիպման փոխարեն ու Լավրով- Բայրամով հանդիպմանը զուգահեռ, Միրզոյանը հեռախոսազրույցներ էր ունենում ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների, ԵՄ ներկայացուցչի հետ:

Բայց փաստն այն է, որ թե Լավրով- Բայրամով հանդիպման և թե Մակրոն- Ալիև հեռախոսազրույցի ընթացքում Լաչինի միջանցքի հարցը փոխկապակցվել է հանքավայրերի շահագործման խնդրի հետ:

Սա՞ էր իշխանության ու մասնավորապես՝ Միրզոյանի «զբաղվածության» արդյունքը:

Ի՞նչ ունենք այս պահին:

Փաշինյանի իշխանությունը՝ պատճառաբանելով Մակրոնի բացակայությունը, չի մասնակցում Բրյուսելի բանակցություններին: Այլ դեպքում, Լաչինի միջանցքի հարցով ծանրաբեռնված լինելու պատրվակով, չի մասնակցում Մոսկվայի բանակցություններին՝ Լաչինի ճգնաժամի անմիջական պատասխանատուների մասնակցությամբ:

Այս պարագայում, անիմաստ է հարցեր ուղղել օտար պետություններին ու նրանց ղեկավարներին: Թերևս, Նիկոլ Փաշինյանին ու նրա կաբինետի արտաքին քաղաքական պատասխանատուներին պետք է հարցնել՝ այդ ի՞նչ «փառահեղ» դիվանագիտություն եք վարել, որ միակ ելքը մնացել է բանակցություններից «թռնելը»:

Ինչևէ, փաստն այն է, որ Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպումը տեղի չունեցավ: Շարունակում է փակ մնալ Լաչինի միջանցքը, ինչի բացման հույսը կապվում էր հենց Պուտին- Փաշինյան- Ալիև հանդիպման հետ:

Վահրամ Բագրատյան