Ինչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ սրբազանը, Բուքմեյքերական ընկերությունը նաեւ թիմ ունի․ Մամուլը՝ սուրճով

Ինչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ սրբազանը, Բուքմեյքերական ընկերությունը նաեւ թիմ ունի․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, մեր տեղեկություններով, կայացել է երրորդ նախագահի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատանը՝ օրերս։ Բագրատ սրբազանը խոսել է շարժման հետագա մարտավարության վերաբերյալ իր պատկերացումների մասին, ասել է, որ ի սկզբանե կողմ էր գործընթացները խորհրդարան տեղափոխելուն՝ անվստահություն հայտնելով վարչապետին, սակայն առայժմ հակառակ ուղղությամբ են շարժվելու՝ փողոցի ճնշումը մեծացնելով` մտնել խորհրդարան։

Սերժ Սարգսյանն էլ, ըստ մեր աղբյուրի, սրբազանին տեղեկացրել է, որ մինչեւ շարժման՝ Երեւան տեղափոխվելն են ՀՀԿ-ականներն աջակցություն հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնությանը, խմբերով պարբերաբար այցելել են Կիրանց, եւ վստահեցրել է, որ մինչեւ վերջ աջակցելու են շարժմանը։ Հատուկ շեշտել է, որ այս պայքարը ՀՀԿ-ի եւ իր համար իսկապես «չակնկալիքների պայքար» է` իրենց գերնպատակը Նիկոլից ազատվելն է, իսկ դրանից հետո կարող են ընդհանրապես տեղ չունենալ պետական կառավարման համակարգում։

Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանը շարժումը սկսելուց մոտ 15 օր առաջ էլ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տպավորություն է՝ կարծես հայկական ֆուտբոլում քաոս է, որը գնալով խորանում ու անկառավարելի է դառնում: Հայաստանի առաջնության այս տարվա հաղթող Երեւանի «Փյունիկ»-ը հայտարարում է, որ խաղադաշտի, մարզումների խնդիր ունի եւ ստիպված է դիմել ՈՒԵՖԱ՝ Վրաստանում խաղերն անցկացնելու թույլտվություն ստանալու համար. բրոնզե մեդալակիր «Արարատ Արմենիա»-ն եւս, կարծես թե, լուրջ խնդիրներ ունի ֆեդերացիայի հետ, քանզի Հայաստանի գավաթը նվաճելուց հետո՝ պաշտոնական միջոցառման ժամանակ, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարվեց պարգեւ ընդունել ֆեդերացիայի նախագահի ձեռքից եւ, ըստ շրջանառվող լուրերի, այժմ ֆեդերացիայից պահանջում են թիմի ղեկավարությունից հեռացնել Մինասյանին, այլապես նրանք էլ «կարժանանան» «Փյունիկի»-ի ճակատագրին:

Ավելին՝ առժամանակ առկախվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի մի հատվածի հնարավոր վաճառքը կամ փոխանցումը «Արարատ Արմենիային», ինչի մասին խոսել էին տվյալ թիմի ղեկավարները՝ ըստ էության հաստատելով, որ նման բանակցություններ ընթանում են: Ինչ վերաբերում է արծաթե մեդալակիր «Նոա» ակումբին, ապա ֆուտբոլային որոշ մասնագետներ կարծում են, որ այն ամեն վայրկյան կարող է լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն պայքարում են բուքմեյքերական ընկերությունների՝ ֆուտբոլում աճող ազդեցության դեմ ու վարում են քաղաքականություն, որն ուղղված է վերջիններիս ֆուտբոլից դուրս մղելուն եւ այն «մաքուր» պահելուն, ինչն ավտոմատ նշանակում է, որ այս ակումբը, շատ հավանական է, որ կունենա խնդիրներ: Չի բացառվում նաեւ, որ «Նոա»-ի խոցելի լինելը կարող է օգտագործվել ֆեդերացիայի ղեկավարության կողմից՝ թիմը «կանտրոլի» տակ պահելու համար:
Հիշեցնենք, որ «ՆՈԱ» ակումբի նախագահը Վարդգես Վարդանյանն է, ով «Դիջիթեյնի» հիմնադիրն է, որը մինչեւ 2017 թվականը կոչվում էր «Տոտո Գեյմինգ»:

Հ.Գ ՀՖՖ-ն ներկայիս ղեկավարները, որոնք նախկին լրագրողներ են, կառույցը դարձրել են շատ փակ ու անհասանելի լրագրողներիս համար: Մենք չենք ստանում ոչ հարցումների պատասխաններ, ոչ ունենում ենք բանավոր հարցադրումների հնարավորություն»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել։ Միրզոյանի` խորհրդարան այցից առաջ երեկ Ազգային ժողովի շենքի դիմաց եւ դրա մատույցներում, հարակից այգիներում ոստիկանական զորք էր տեղակայվել, ինչպես սովորաբար արվում է Փաշինյանի տեղաշարժերի ժամանակ։ Գուցե Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այդպես էլ չի հաղթահարում 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի դեպքերից առաջացած վախերը, սակայն խնդիրն այն է, որ Արարատ Միրզոյանը բոլոր հարցերում է ձգտում հասնել, անգամ գերազանցել Նիկոլ Փաշինյանին։

Դիցուք, քննարկմանն էլ աջուձախ «չորում» էր քաղաքական ընդդիմախոսներին՝ սուտ ու կեղծ թեզերն առաջ տանելով, իսկ քննարկումից հետո ուղղակի փախուստի դիմեց պետական պաշտոնյաների համար նախատեսված գաղտնի ետնադռնով, որտեղ լրագրողներին թույլ չեն տալիս ելումուտ անել։ Միրզոյանը ոչ միայն չպատասխանեց լրագրողների հարցերին, այլեւ իր ետեւից դուռը շրխկացրեց նրանց երեսին, ներսից էլ բանալիով փակեց։ Ի դեպ, նկատեցինք, որ առաջիկայում ՌԴ դեսպան գործուղվող Գուրգեն Արսենյանն ապագա «շեֆին» հրավիրել է իր մոտ՝ աշխատասենյակ, սակայն Միրզոյանը մերժել է՝ ասելով, որ ձախով է գնում, այսինքն` ետնադռնով։