Գեղեցիկ ֆուտբոլ ու միանշանակ հաղթանակ․ քաղաքական գործիչները՝ սպասվող հանդիպման մասին

Ընդամենը ժամեր անց Երևանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024 ընտրական փուլը կմեկնարկի Թուրքիայի դեմ խաղով:
MediaHub-ը շարունակում է հետաքրքրվել պաշտոնյաներից՝ ներկա և նախկին, թե ի՞նչ տրամադրվածություն ունեն կարևոր խաղից առաջ և որտեղից են հետևելու հանդիպմանը։
Վստահ եմ, որ ազգակիցս կնպաստի մեր հաղթանակին․ Ռուստամ Բաքոյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, հավանաբար, խաղին մարզադաշտից է հետևելու։
«Գնալու եմ մեր հավաքականին ոգևորելու։ Ակնկալիքներս միայն հաղթանակն է։ Ես հավատում եմ մեր թիմի հաղթանակին և սպասում եմ, որ մեր թիմը մեզ կուրախացնի իր խաղով։ Հավաքականի կազմում նաև եզդի խաղացող ունենք և ես վստահ եմ, որ իմ ազգակիցը կկարողանա իր լավագույն կողմերով նպաստել մեր հաղթանակին»,-ասաց Բաքոյանը։
Եթե ճիշտ պաշտպանություն կազմակերպենք ՝ հաղթանակ կտոնենք․ Մարկոս Հարությունյան
Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Մարկոս Հարությունյանն էլ մեծ սպասելիքներ ունի։
«Վստահ եմ, որ դիտարժան խաղ է լինելու։ Կարծում եմ՝ տղաները հոգեբանորեն շատ լավ են պատրաստվել, որովհետև լավ հասկանում ենք, թե ինչպիսի պետության հավաքականի հետ է լինելու հանդիպումը։ Այդ հոգեբանական դրվագը բոլորիս մեջ է, որ պետք է անպայման տղերքը լավ արդյունքի հասնեն։ Նոր ֆուտբոլիստներին ծանոթ չեմ, կարծում եմ՝ իրենց համար էլ մեծ պատիվ է ազգային հավաքականում խաղալը և կարծում եմ՝ ամեն ինչ կանեն, որ և՛ երկրպագուները, և՛ մարզիչը գոհ լինեն։ Ամեն դեպքում, լավ ենք հասկանում, որ մեր հակառակորդը ևս ուժեղ է, բայց քիչ չեն եղել այն ուժեղ հավաքականները, որոնց մեր տղաները հաղթել են, ինչպես, օրինակ, Դանիայի նկատմամբ 4։0 հաղթանակը։
Սպասում ենք, որ տղաներն ամեն ինչ կանեն մեր սպասելիքներն արդարացնելու համար։ Մեր հավաքականի ամենախոցելի հատվածը պաշտպանությունն է, վստահ եմ, եթե կարողանանք ճիշտ պաշտպանություն կազմակերպել, հաղթանակ կտոնենք, որովհետև մենք առջևում ունենք ֆանտաստիկ ու արագ ֆուտբոլիստներ, որոնք ամեն րոպե կարող են գոլային պահ ստեղծել ու գրավել հակառակորդի դարպասը։ Առաջնահերթ, մարզիչը պետք է ճիշտ պաշտպանություն կազմակերպի, տղաներն էլ պետք է հասկանան, որ ճիշտ պաշտպանությունն է կարևոր»։
Հուսով եմ՝ ամեն ինչ մակարդակով և հարթ կանցնի․ Իզաբելլա Աբգարյան
«Հոգով և սրտով մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ եմ լինելու այսօր՝ նրանց մաղթելով հաղթանակ»,-ասում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Ես հավատում եմ, որ «տան պատերը», երկրպագուների բուռն սատարումը ևս մեկ խաղացող է խաղադաշտում մեր կողմից: Հուսով եմ նաև, որ ամեն ինչ մակարդակով և հարթ կանցնի»։
Նոր մարզիչը լավ հավաքական է հրավիրել․ Արթուր Հովհաննիսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պարտադիր մարզադաշտից է հետևելու հանդիպմանը։
«Կարծում եմ՝ նոր մարզիչը լավ հավաքական է հրավիրել․ մերոնց հաղթանակին եմ սպասում»։
Գեղեցիկ ֆուտբոլ ու միանշանակ հաղթանակ․ Նարեկ Ղահրամանյան
«Կազմին որոշակիորեն ծանոթ եմ, նորերից քչերին գիտեմ»,-ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
Ըստ պատգամավորի՝ երկրպագուների դերը մեծ է լինելու խաղի ընթացքում։
«Ես էլ մարզադաշտից եմ հետևելու հանդիպմանը, գեղեցիկ ֆուտբոլ ու միանշանակ հաղթանակ եմ սպասում։ Կարծում եմ՝ հակառակորդ թիմը կազմով ու կարգով ավելի ուժեղ է, բայց վստահ եմ, որ մերոնք չեն հիասթափեցնի երկրպագուներին։ Մեր հավաքականում Հարոյանին եմ լիդեր համարում»։
Հետաքրքիր խաղ, հաղթանակ, հաջողություն․ Վահե Էնֆիաջյան
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, քանի որ երկրում չէ, տանից է հետևելու խաղին։
Հավաքականի բոլոր խաղերին միշտ հետևում եմ, բոլորիս համար էլ մեծ ուրախություն է, երբ հայ մարզիկները ոգևորում են իրենց երկրպագուներին, հիմն են հնչեցնում, եռագույնն են բարձրացնում։ Բնականաբար, մեր թիմին երկրպագում եմ և ցանկանում եմ, որ հնարավորինս կենտրոնանան, քանի որ, հաշվի առնելով հարևան երկրի հետ հարաբերությունները՝ նման հաջողությունը մեզ համար շատ կարևոր է լինելու։ Ամբողջ կազմին ծանոթ չեմ, բայց ունենք ֆուտբոլիստներ, որոնք հայտնի են նաև Հայաստանից դուրս։ Չեմ կարող առանձնացնել մեկ խաղացողի, եթե նույնիսկ լիդեր կա, ապա նա ևս ընտրվել է թիմային աշխատանքի արդյունքում։ Բոլորի հետ պետք է հույս կապել, թիմում կան մարդիկ, որոնք տարբերվում են, բայց ամեն մեկն էլ իր առանցքային դերն ունի հաջողություն արձանագրելու համար։ Մնում է մաղթել հետաքրքիր խաղ, հաղթանակ, հաջողություն, որը սպասված է»։
Լիաննա Թորոսյան