Պետք է ձեռնամուխ լինենք բուն սահմանազատման աշխատանքներին․ Փաշինյանը հաջորդ քայլը ներկայացրեց
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ-ում էլեկտրաէներգիայի ու բնական գազի մատակարարումների արգելափակումը ծայրահեղ ձևով սրել են հումանիտար ճգնաժամը։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ եթե նախկինում գոնե Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով մասնակի անցանելիություն կար, ապա երեկվանից ամբողջովին խոչընդոտվել է այդ անցանելիությունը։
«Անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել դեպի ԼՂ։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում, անգամ ծայրահեղ ծանր հիվանդների տեղափոխումն է արգելվում»,- ներկայարցեց նա։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սա հստակ էթնիկ զտում է։ Նա նշեց, որ գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիներն էլ են թիրախավորված այս պահին։
«Շարունակում ենք կարծել, որ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն, որի ուղղությամբ, հուսով ենք, որ քայլեր կիրականացվեն։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու աշխատանքները պետք է լինեն շարունակական։ Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում։ Հույս ունեմ, որ այս հանդիպումն էլ նախորդի նման ատաջընթաց կապահովի»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ անընդունելի են սահմանի ամբողջ երկայնքով լարվածություն ստեղծելու Ադրբեջանի քայլերը։
«Պետք է ֆիքսենք սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինենք բուն սահմանազատման աշխատանքներին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։