Պատմության այս օրը. Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային օրն է

MediaHub.am-ը շարունակում է իր հետևորդներին ներկայացնել յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու նշանակությունն աշխարհում, որոշները հայտնի, որոշներն էլ՝ արտասովոր, բայց հետաքրքիր։
Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 21-ը նշվում է որպես Ողջույնի համաշխարհային օր։ Նպատակն է այդ օրը ողջունել գոնե 10 մարդու։ Խորհուրդը համաշխարհային առաջնորդներին է ուղղված․ տարաձայնությունները պետք է լուծել հաղորդակցման և ոչ թե ուժի միջոցով։
Ողջույնի համաշխարհային օրը հիմնել են Արիզոնայի պետական համալսարանի գիտությունների թեկնածու Բրայան ՄակՔորմաքը և Հարվարդի համալսարանի շրջանավարտ Մայքլ Մաք Քորմաքը 1973 թվականին։ Մաք Քոմաք եղբայրները 7 լեզվով 1360 նամակ ուղարկեցին համաշխարհային առաջնորդներին՝ խրախուսելու մասնակցել Ողջույնի համաշխարհային առաջին օրվան։ Այդ օրվանից տոնը նշվում է 180 երկրներում։
Ցանկացած ոք կարող է մասնակցել Ողջույնի համաշխարհային օրվան՝ ուղղակի ողջունելով 10 կամ ավել մարդու։ Սա ընդգծում է, թե խաղաղության պահպանման համար որքան կարևոր է անձնային շփումը։ Ողջույնի համաշխարհային օրը պատասխան էր 1973 թվականի աշնանը Եգիպտոսի և Իսրայելի միջև ծագած հակամարտությանը։ Մարդիկ ամբողջ աշխարհում այս օրն օգտագործում են որպես հնարավորություն իրենց մտահոգությունը հայտնելու աշխարհում տիրող խաղաղության շուրջ։ Այս օրն սկսելով հասարակ ողջույնից՝ նրանք նամակներ են ուղարկում պետությունների առաջնորդներին՝ վերջիններիս խրախուսելով տարաձայնությունները հարթելու համար հաղորդակցվել և ոչ թե բռնի ուժ կիրառել։ Առաջին տարում նախագծին սատար կանգնեցին 15 երկրում։
Նոբելյան մրցանակի 31 դափնեկիրներն այն մարդկանց թվում են, որոնք արժևորում են Ողջույնի համաշխարհային օրը՝ որպես խաղաղության պահպանման միջոց և հնարավորություն բոլորին իրենց ներդրումն ունենալ աշխարհում խաղաղության ստեղծման գործում։ Այլ սատար կանգնողների թվում են գրեթե 100 հեղինակներ, մշակութային գործիչներ և համաշխարհային առաջնորդներ։