Բոլորին՝ սպայից զինվոր արգելվելու է սմարթֆոն ունենալ ծառայության ընթացքում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է զինծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ավելացնելու հարցը։
Նոր սահմանափակումներ են նախատեսված նաև սմարթֆոնների օգտագործման վերաբերյալ։
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք բոլորի համար է գործելու սմարթֆոնի գործածման արգելքը։
«Մենք գիտենք, որ կան սպաներ, որոնք սմարթֆոնից օգտվում են՝ ծառայության ընթացքում որոշակի ինֆորմացիա ստանալու ու փոխանցելու համար։ Այսինքն՝ ո՞նց է արվելու, որ տարանջատում մտցվի»,- հարցրեց նա։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արման Սարգսյանը նշեց, որ պաշտպանության նախարարին հնարավորություն է տրվելու՝ իր հրամանով կանոնակարգել այդ գործընթացը և հիմնավորված անհրաժեշտությունից հետո թույլ տալ ունենալ սմարթֆոններ։
Հայկ Սարգսյանը մեկ այլ հարց էլ տվեց, թե ինչպե՞ս է գործելու զինվորական համազգեստը այլ նպատակներով օգտագերծելու արգելքը, օրինակ՝ հովիվները սարերում զինվորական համազգեստով են հիմնականում։
Ի պատասխան, Արման Սարգսյանը նկատեց՝ համապատասխան իրավակարգավորումներով կանոնակարգվելու են համազգեստի բոլոր ատրիբուտները, թե ինչ է պարունակելու զինվորական համազգեստը։
«Եվ եթե մեր նախատեսած ատրիբուտիկայով համազգեստին չհամապատասխանեն այդ հագուստները, ապա թույլ կտրվի, որ մարդիկ կրեն այդ հագուստը: Այսինքն՝ արգելվելու է այլ մարդկանց կրել զինվորական այն համազգեստը, որը տվյալ պահին ՊՆ-ում կիրառության մեջ է»,- ասաց Արման Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։