Իմ մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել․ Հայկ Խանումյան

Իմ մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել, մամուլում հայտնված տեղեկությունները հերյուրանքներ են։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ՏԿԵ նախկին նախարար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի աջակից Հայկ Խանումյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե վերջինիս մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։
Ըստ մամուլի՝ Բաբայանի թիմակիցներից մեկը որոշել է հաշիվ պահանջել ՏԿԵ նախկին նախարար, Բաբայանի աջակից Հայկ Խանումյանից, որը, ըստ մամուլի, անհարգալից է արտահայտվել իրենց թիմակիցներից մեկի մասին, ասելով՝ էս լակոտն է՞լ է մեր թիմից: Վերջինս էլ որոշել է պատիվ պահանջել։ Երկու կողմը՝ իրենց աջակիցներով, Ստեփանակերտի կենտրոնում, ոստիկանության շենքի մոտ տուրուդմփոց են սարքել։ Արդյունքում կրակոցներ են հնչել։
«Մեր կուսակցությունը «Ազգային վերածնունդն» է և մեր կուսակցությունից ոչ ոք ներգրավված չի եղել որևէ միջադեպի մեջ»,- շեշտեց Խանումյանը։
Հիշեցնենք, որ երեկ Խանումյանը նաև գրառում էր կատարել՝ նշելով, որ Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարին հաջողվել է պետությանը վաճառել իր տներից մեկը և միևնույն ժամանակ պետությունից 5 մլն դրամի աջակցություն ստանալ նոր կառուցվող տների աջակցության ծրագրով։
Հարցին, թե ի՞նչ նորություն կա այս մասով, վերջինս պատասխանեց՝ որևէ լրացուցիչ պարզաբանում այս թեմայով չունի։
Լիաննա Թորոսյան