«Mercedes» ավտոսրահի մոտ քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում գործող «Mercedes» ավտոսրահի տարածքում քաղաքացի է հոսանքահարվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Տեղում բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մոտ 30 տարեկան տղամարդուն, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Այրվացքաբանության ազգային կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտում է, եթե փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու պարեկները օպերատիվ են գործել, ապա ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկ ու կես ժամ է պահանջվել, որ հերթապահ խումբը գա դեպքի վայր այն դեպքում, երբ ոստիկանության բաժինը դեպքի վայրից գտնվում է մոտ 1 կմ հեռավորության վրա։ Նախաձեռնվել է վարույթ։