Ցանկացած պարագայում Հայաստանը պետք է աշխատի Իրանի հետ․ իրանագետը՝ Իրան-Իսրայել հակամարտության մասին

MediaHub-ը Իրան-Իսրայել հնարավոր պատերազմի մասին զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ՝ պարզելու, թե ինչ զարգացումներ են սպասվում տարածաշրջանում։
- Վերջին զարգացումների ընթացքում, հաճախ խոսվում է այն մասին, թե Արևմուտքն Ադրբեջանից պահանջում է Իրանի դեմ պատերազմ սկսել։ Նման տպավորություն ունե՞ք։
- Կարծես թե, հատկապես, երբ Իսրայելի կողմից Ադրբեջանը բավականին լավ օգտագործվում է որպես հակաիրանական հարթակ։ Ինչպես նաև, պաշտոնական Իսրայելը գրեթե ռազմական ներկայություն է ապահովել Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որն անկասկած ուղղվելու է միայն Իրանի դեմ, որովհետև Իսրայելը Հայաստանի հետ լուծելու խնդիր չունի։ Միաժամանակ, թուրքական ռազմական ներկայությունը արցախյան վերջին պատերազմից հետո նաև վկայում է այն մասին, որ այս պետությունը ցանկանում է հակաիրանական գործողությունների համար կենտրոն օգտագործել։
- Արդյո՞ք 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին աջակցելը հենց հեռահար այս նպատակով չէր, որպեսզի Ադրբեջանին մի օր «օգտագործեն» Իրանի դեմ։
- Հենց նույն իրանական աղբյուրներում և վերլուծական դաշտում նույնպես կան նմանատիպ բովանդակությամբ հրապարակումներ, որ Իլհամ Ալիևը վերադարձնում է իր պարտքերը Իսրայելին, Թուրքիային և նույնիսկ Իրանում Ալիևին չեն դիտարկում որպես միայնակ խաղացող, այլ համարում են որպես Թուրքիայի և Իսրայելի կամակատար և ենթակա։
- Իսրայելում այս օրերին լուրջ ներքին խմորումներ են, և եթե Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ բողոքի ակցիաներն ավելի սաստկանան, արդյո՞ք սա կնշանակի, որ Իրանի դեմ պատերազմը ևս մի քանի ամսով կհետաձգվի։
- Իսրայելի ներքաղաքական լարվածությունը իրանական կողմը ևս սա շատ լավ է հասկանում և անդրադառնում է այդ խնդրին։ Իրանը նույնպես ներքին խնդիրներ ունի հասարակական բողոքների հետ կապված, ինչը Իրանին կաշկանդում է արտաքին քաղաքականության ոլորտում։ Միևնույն ժամանակ, նշեմ, որ ցանկացած պարագայում չեմ կարծում՝ Իսրայելն Իրանի դեմ անիմիջական պատերազմ սկսի, բայց նաև և՛ Իրանը, և՛ Իսրայելը խնդիր ունեն ներքաղաքական լարվածությունը թոթափելու արտաքին քաղաքականության միջոցով և կարող են որոշակի լարվածություն հրահրել տարածաշրջանում, որպեսզի կարողանան ներքաղաքական բողոքի ակցիաները շեղել դեպի արտաքին թշնամու կողմ։
- Ի դեպ, կարծես թե, Թուրքիայում սպասվող ընտրությունները ևս կարող են հետաձգել տարածաշրջանում այս զարգացումները։ Ամեն դեպքում, Իրանի դեմ պատերազմի հավանականությունը որքանո՞վ է բարձր գնահատվում։
- Երկրաշարժից հետո Թուրքիան բավականին թուլացել է տարածաշրջանում, այսինքն, ուշադրությունը շեղել է դեպի ներքաղաքական խնդիրներ, նաև Էրդողանի հիմնական խնդիրն այս փուլում, կարծում եմ, ընտրություններն են, և մինչև ընտրություններ քիչ հավանական է, որ Թուրքիան որևէ լուրջ արտաքին քաղաքական գործընթացներ սկսի։ Եվ նաև չեմ կարծում, որ Թուրքիան որևէ փուլում փորձի անմիջականորեն բախման գնալ Իրանի դեմ և պատերազմ հրահրել, որովհետև քաջ գիտակցում է, որ հակառակորդը փոքր պետություն չէ և կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար։ Նույնը նաև Իրանը` երբեք Թուրքիայի հետ բախումների չի գնա, որովհետև գիտի, որ իրեն հավասարազոր պետություն է։
- Ի՞նչ է սպասվում Հայաստանին այս ամենի ֆոնին։
- Հայաստանը նախ պետք է բոլոր հնարավորություններն օգտագործի Իրանի հետ հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ, քանի որ այս փուլում տարածաշրջանում միակ պետությունն է, որ ցանկանում է աշխատել Հայաստանի հետ և անհանգստացած է Հայաստանի աշխարհաքաղաքական խնդիրներով, հատկապես Սյունիքի հետ կապված։ Ցանկացած պարագայում Հայաստանը պետք է փորձի աշխատել Իրանի հետ, հակաիրանական որևէ գործողության պետք է չմասնակցի, հակառակը՝ պետք է Իրանի գործոնը օգտագործի հակաադրբեջանական հատվածում։
- Վերջին օրերին տելեգրամյան ալիքներում շրջանառվում է, որ Իրան-Ադրբեջան սահմանը բավականին լարված է, ըստ Ձեզ սա ընդամենը տեղեկատվական պատերազմ է, թե՞ իրական պատկեր։
- Իրան-ադրբեջանական սահմանի հետ կապված շրջանառվում էին և՛ զորավարժությունների վերաբերյալ փաստեր, և՛ Իրանի կողմից զորաշարժեր, հետախուզական թռիչքներ, որոնք հիմնականում բացատրվում էին ադրբեջանական հատվածից դեպի Սյունիք զորաշարժով, այսինքն իրանական կողմն այս ամենով փորձում էր հստակ ուղերձ հղել Ադրբեջանին, որ ցանկացած պարագայում, նույնիսկ նովրուզյան տոների, ներքաղաքական լարվածության պայմաններում՝ ուշադրությամբ հետևում է տարածաշրջանայինխնդիրներին և նորից վերահաստատեց իր կարմիր գծերը և՛ հայ-իրանական սահմանի, և՛ այսպեսկոչված Զանգեզուրի միջանցքի մասով։
Լիաննա Թորոսյան