Արցախցիներն այնքան դժվարություն են տեսել, չե՛ս վախեցնի. ինչով ավարտվեց Ստեփանակերտի քաղաքապետի տան խուզարկությունը

Արցախցիներն այնքան դժվարություն են տեսել, չե՛ս վախեցնի. ինչով ավարտվեց Ստեփանակերտի քաղաքապետի տան խուզարկությունը

Շուրջ երկու ժամ առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ իրավապահները խուզարկության են «այցելում» Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տուն։  Ի դեպ, Սարգսյանը Երևանում բնակվում է վարձակալած բնակարանում։

MediaHub-ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետի կինը՝ Էռնա Ջավադյանը, նշեց, որ երկու ժամ առաջ են իրենց տուն այցելել, ինչն «իսկական շոու էր, բայց նաև սպասելի, որովհետև Արցախի բոլոր պաշտոնյաները խոշորացույցի տակ են հայտնվել այս օրերին՝ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքից առաջ»։

«Տունը խուզարկել են փաստաբանի ներկայությամբ, բնականաբար ոչինչ չեն գտել ու թողել-գնացել են: Դավիթը տանը չի եղել, աշխատանքի է եղել: Ձեռնունայն հեռացել են, և այս ամենը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վախերով»,- նշեց կինը:

Նա ավելացրեց, որ արցախցիներն այնքան դժվարություններ են տեսել, այնքան փորձությունների միջով անցել, որ այս ամենն առ ոչինչ է։

«Արցախի պաշտոնյաները բոլորն էլ սպասում են, թե երբ է իրենց հերթը հասնելու, այս թատրոնը նաև իրենց դուռն է թակելու, բայց թող հույս չունենան, արցախցիները վախեցած չեն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, երեկ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց տնային կալանք:

Հունան Թադևոսյան