Իսկ ո՞ւր են մյուս առաջարկությունները

Պաշտոնական Երևանը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի օրերս հրապարակած փաստաթուղթը, որն, ըստ նրա, պարունակում է հուլիսի 25 -ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկները Արցախի հարցով:
Տիգրան Պետրոսյանի հրապարակած և Լավրովին վերագրվող փաստաթուղթը վերնագրված է հետևյալ կերպ՝ «Խորհրդային Ադրբեջանի նախկին Ինքնավար Մարզ Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքներն ու պարամետրերը Ադրբեջանի օրենսդրության համաձայն» և պարունակում է 14 կետ:
Դրանցում նշվում է, որ հայ բնակչությունը պետք է հավասար իրավական պաշտպանություն ունենա և խտրականության չենթարկվի ոչ լեզվի, ոչ ազգային, ոչ կրոնական հիմքով, չպետք է բռնի կամ ոչ կամովին տեղահանվի, հայերը չպետք է հետապնդվեն տեղական իշխանության կամ զինված միավորումների մաս կազմած լինելու համար, բացառությամբ դատական կարգով ռազմական հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչվածների:
Առաջարկներում նշված է, որ հայ բնակչությունը պետք է համամասնորեն մաս կազմի Ադրբեջանի օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությանը, այդ թվում՝ Ադրբեջանի դատախազությունում և ոստիկանությունում ու մասնակցի հայ բնակչությանը վերաբերող որոշումների կայացմանը:
Հայերենը պետք է ազատ օգտագործվի ադրբեջաներենի հետ պաշտոնական գրագրութան մեջ և հանրային վայրերում, հայերի մասնավոր ունեցվածքի անձեռնմխելիությունը պետք է երաշխավորվի, պիտի ապահովվի հայերի կրոնական ազատությունը, տարրական դասարաններից մինչև բուհ հայերենով կրթությունը, պահպանվի հայկական մշակութային և ազգային ինքնությունը։
Նախ, մինչև վերջ չենք կարող պնդել՝ սա իսկապե՞ս Լավրովի պաշտոնական առաջարկությունն է, թե՞ քննարկումների ընթացքում շրջանառված աշխատանքային մի տարբերակ, որը դեռ լրացումների, քննարկումների փուլում է:
Մյուս ուշագրավ հարցն այն է, թե ինչո՞ւ Արցախի իշխանության ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ նիստից ժամեր առաջ հրապարակեց այս փաստաթուղթը: Նպատակը քաղաքական, հանրային քննարկումներ գեներացնե՞լն էր, Արցախի բացասական դիրքորոշումը բարձրաձայնե՞լը, թե՞ Նյու Յորքի քննարկումներից առաջ հակառուսական տրամադրությունների խթանումը:
Գոնե առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ այս տեքստը հրապարակվել է Երևանի «թեթև ձեռքով», մի կողմից, Հայաստանի իշխանության ապիկար քաղաքականության պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու, մյուս կողմից՝ արևմտյան հարթակներում բանակցային ավելի վտանգավոր մանրամասները քողարկելու նպատակով:
Իհարկե, շատ ավելի ազնիվ կլիներ, եթե Փաշինյանի իշխանությունը հրապարակեր նաև այն փաստաթղթերը, որոնք բանակցում է արևմտյան հարթակներում: Այդ պարագայում գուցե բացահայտվեր, որ Լավրովին վերագրվող փաստաթուղթը չարյաց փոքրագույնն է:
Վահրամ Բագրատյան