Մարտական գործողությունների վերսկսման հավանականություն կա՞․ մանրամասնում է Աբրահամյանը
Կա արձանագրում, որ Հայաստանի և Արցախի սահմանին էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է։ Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ այդ արձանագրումը նաև ՔՊ-ն է անում։
Նրա խոսքով՝ շատ են հայտարարությունները, որ թշնամու կողմից առաջխաղացումներ կան։
«Այն, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, հատկապես Արցախի շփման գծի ուղղությամբ, ակնհայտ է։ Ընդ որում, Արցախում այդ հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրվում են քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակահերթերով։ Այս պահին գյուղատնտեսական աշխատանքներ են ընթանում, և Ադրբեջանը, վտանգելով խաղաղ բնակիչների անվտանգությունը, փորձում է խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքներին՝ այդկերպ պարենային անվտանգության խնդիրներ ստեղծելով։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երեկ Երասխի կողմում զինծառայող ունենք զոհված, Սև լճի հատվածում էլ զինծառայող մոլորվեց։ Ռուս զինծառայողների ուղղությամբ էլ կրակոց եղավ։ Այս ամենը պետք է արձանագրել ու լուրջ ուսումնասիրել»,- նկատեց Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի՝ մարտական գործողությունների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացով։
«Ադրբեջանը հետ է կանգնել Պրահայի պայմանավորվածությունից և մեծացնում է մարտական գործողությունների հավանականությունը»,- ամփոփեց խոսքը Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։