ՔՊ-ի վարկանիշը կտրուկ իջել է, Գործուղումներ՝ պետբյուջեի հաշվին, Բաբայանը խժդժություններ կհրահրի՞․ Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ի վարկանիշը կտրուկ իջել է, Գործուղումներ՝ պետբյուջեի հաշվին, Բաբայանը խժդժություններ կհրահրի՞․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ականներն այս օրերին լծվել են մարզերում իրենց վարկանիշի բարձրացման գործին: Նրանք մեծ ակտիվություն են ցուցաբերում մարզերում:

Օրինակ՝ կիրակի օրը Գեւորգ Պապոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նարեկ Գրիգորյանը եւ Ալխաս Ղազարյանը այցելել էին Գեղարքունիքի մարզ, հանդիպել տեղի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ մարզպետ Կարեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել՝ ինչն է մարզերում այս ակտիվության պատճառը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն անհանգստացած են Երեւանում իրենց ցածր վարկանիշով, հիմա հրահանգ են ստացել գնալ մարզեր, շոշափել այնտեղի բնակիչների տրամադրությունները, հասկանալ՝ կողմ են արդյոք իրենց վարած քաղաքականությանը, ինչ են կարծում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին, ինչն իրենց համար դրոշակ են դարձրել իշխանությունները եւ ցանկացած զիջման ու սահմանային միջադեպի դեպքում առաջ են քաշում իրենց խոստացած խաղաղության օրակարգը, որն այդպես էլ չի գալիս:

Այսպիսով, ՔՊ-ականները ցանկանում են նաեւ մարզերի բնակիչներին ցույց տալ, որ իրենք մտահոգված են մարզերի խնդիրներով եւ ձեռնամուխ են դրանց շուտափույթ լուծմանը: Մեր տեղեկություններով, սակայն, արդյունքները, մեղմ ասած, այդքան էլ հուսադրող չեն. նրանց՝ մարզեր այցերն էլ փաստում են, որ վերջին շրջանում, ինչպես Երեւանում, մարզերում նույնպես Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի վարկանիշը կտրուկ իջել է ու շարունակում է նվազել՝ բոլոր հարցումներով։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեպետ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ամեն տարի նույն երգն էր երգում, թե չպետք է լինեն արտոնյալներ՝ բոլոր պաշտոնյաները պիտի ներկայանան ԱԺ եւ հաշվետվություն ներկայացնեն․ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, բացակայում էին, սակայն այժմ իր կաբինետում քիչ չեն արտոնյալները։

Դիցուք, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ով Փաշինյանի համերկրացին է, երեկ ԱԺ եկավ գաղտնի մուտքով, որ չընկնի լրագրողների ճանկը, իսկ հանձնաժողովում էլ, կարելի է ասել, դիտորդի դերում էր: Ոլորտի հաշվետվությունը ՆԳՆ աշխատակազմի քարտուղար Ֆիդանյանը ներկայացրեց։ Թեեւ հետո ստիպված էր պատասխանել որոշ հարցերի, սակայն խիստ լակոնիկ։

Գաղտնիք չէ, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ, նախկին գայիշնիկ Արմեն Խաչատրյանը հավակնում է Ղազարյանի պաշտոնին, եւ Խաչատրյանի հետ մտերիմ Անդրանիկ Քոչարյանը երեկ սկսեց նեղել Ղազարյանին, թե ինչպես է ստացվում, որ նախկիններից շատերը Մոսկվայում են, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն խնջույքների են մասնակցում, «լայվ» մտնում, իսկ ՀՀ իրավապահները չեն կարողանում նրանց տուն վերադարձնել։ Նկատի ուներ Գեւորգ Կոստանյանին, Միհրան Պողոսյանին։

Քոչարյանը պնդեց, որ նախարարը պատասխանի հարցին, Ղազարյանը կարճ կտրեց՝ ասելով, որ զրուցել է ՌԴ պաշտոնակցի տեղակալի հետ, գործընթաց է տարվում, շուտով արդյունքներ կլինեն։ Քննարկման ընթացքում պարզվեց նաեւ, որ Քոչարյանը հատուկ լիազորություններ է ստանձնել` ստուգում է պարեկների աշխատանքը։

Նա պատմեց, որ ՔՊ-ականներով` մեծ արագությամբ սլացել են Երեւանով, պարեկների 5 բրիգադ իրենց չի կանգնեցրել, 6-րդն է միայն կանգնեցրել։ Գեղամ Մանուկյանը կատակեց. «Պարոն Քոչարյան, սենց գնա՝ «պլան» եք բաժանելու՝ ոստիկանության աշխատանքը ստուգելու համար»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարժական հավաքները թակել են նաեւ քաղաքական իշխանության մտերիմների դռները, եւ քաղաքական իշխանության թիմում գտնվողները ծանոթ, մտերիմ են փնտրում, որպեսզի բարեխոսեն ՊՆ վերնախավի մոտ՝ իրենց ծանոթ հարազատներին վարժական հավաքների չտանեն։Հիշեցնենք, որ Հայաստանում մարտից մեկնարկել է պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլը։ Այս անգամ դրանք, երեք ամսվա փոխարեն, 25 օր են տեւում։ Առաջին փուլով հավաքներին կմասնակցեն ավելի քան 3 հազար քաղաքացիներ։ 25-օրյա հավաքները պարտադիր է 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար։ «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն, բայց դա լինում է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար», – ասել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Մենք կհետեւենք՝ հասկանալու համար, թե իշխանության օղակներում ով ինչ ծանոթի միջոցով կարողացավ «պլստալ» վարժական հավաքից:

«Փաստ» օրաթերթը գրում է․

Տեղեկությունը, որ Ռուսաստանը մտադիր է հյուպատոսարան բացել Կապանում, այլ իրավիճակներում, հնարավոր է, առանձնապես մեծ ուշադրության չարժանանար: Բայց ոչ այսօր ու ոչ մեր վիճակում: Առավել ևս, որ Կապանում վերջերս, ինչպես հայտնի է, հյուպատոսարան բացեց նաև հարևան ու բարեկամական Իրանը: Այդ զուգահեռությամբ Ռուսաստանի կողմից ևս նման քայլի հեռանկարը, ինքնըստինքյան, մղում է որոշակի դիտարկումների: Առհասարակ, հյուպատոսարան ունենալու հիմնական նպատակը, հասկանալի է, տվյալ պետության քաղաքացիների սպասարկման և շահերի պաշտպանությունն է դիվանագիտական առաքելության երկրում:

Իրանի կողմից Կապանում հյուպատոսարան բացելը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից այդ օրինակին հետևելու մտադրությունը կարելի է այդ առումով օրինաչափ համարել: Սակայն կոնկրետ այս դեպքում նման քայլը նաև որոշակի քաղաքական ենթատեքստ ունի: Առավել ևս, Իրանը չի էլ թաքցրել, որ Սյունիքը համարում է իր կենսական շահերին և հետաքրքրություններին ուղղակիորեն առնչվող և թույլ չի տա եղած սահմանների փոփոխություն: Պարզից էլ պարզ է, որ Իրանն այդպիսով լրացուցիչ ընդգծում է իր հետաքրքրվածությունը ու նաև որոշակի վճռականություն է ցուցադրում՝ իր շահերը պաշտպանելու տեսանկյունից: Նույնը, հասկանալի է, վերաբերում է Ռուսաստանին կամ Ռուսաստանի կողմից Կապանում հյուպատոսարան բացելու ցանկությանը (որոշմանը): Այս դեպքում ևս քաղաքական ենթատեքստն ակնհայտ է:

Հասկանալի է՝ Իրանը և Ռուսաստանը, ընդհանրապես որևէ երկիր, ամեն պարագայում, ուշագնաց չեն լինում «մեր սիրուն աչքերի» համար, առավել ևս՝ ՀՀ իշխանության «սիրուն աչքերի»: Բոլորն իրենց շահերն են պաշտպանում: Եվ այստեղ չափազանց կարևոր է փոխադարձ շահերի հստակ համադրումը: Այս առումով առաջնայինն այն է, որ, գոնե նախնական տպավորությամբ, Սյունիքը դիտարկվում է որպես «կարմիր գիծ»: Մյուս կողմից՝ առկա են հնարավոր կոմունիկացիաների հետ կապված որոշակի վերահսկողության հաստատման և ազդեցության ու դիրքերի թուլացման հնարավորության բացառման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլեր:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մշտապես գործուղումների մեկնող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նաեւ Մոլդովայում կլինի նրա հետ: Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանը վարչապետի՝ տարբեր երկրներ այցից մի քանի օր առաջ է անգամ մեկնում տվյալ երկիր, հանդիպումներ ունենում, մինչեւ գալիս է Փաշինյանը:

Այս անգամ Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին կմիանա Մոլդովայում, որտեղ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Սեւակ Ղահրամանյանը եւ անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը մայիսի 30-ից մինչեւ հունիսի 2-ը ներառյալ կգործուղվեն Սլովակիայի Հանրապետություն, ապա՝ Մոլդովա:

Այս այցը եւս կլինի պետբյուջեի հաշվին: Առհասարակ, Արմեն Գրիգորյանը պետբյուջեի հաշվին ամենից շատ գործուղման մեկնող պաշտոնյաներից մեկն է: Վերջինս նաեւ Մոսկվայում էր, երբ Փաշինյանը մասնակցում էր ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, ապրիլ ամսին էլ նա Իրանում էր եւ այդպես շարունակ: Ընդ որում՝ նա գործուղման գրեթե մշտապես մեկնում է իր օգնականի հետ, բնականաբար՝ կրկին պետբյուջեի հաշվին:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հրամանագրերը, պարզվում է, արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԱՀ նախագահը ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել` արգելելով բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաեւ տոների եւ հիշատակի օրերին կազմակերպվողները, եւ որոշակի սահմանափակումներ է մտցրել տեղեկատվական դաշտի համար։

Մեզ ասացին, որ ԱՀ պատկան մարմիններն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրել, փակել պետական գերատեսչությունների մուտքերը եւ 2018-ի հեղափոխական սցենարը կրկնել Ստեփանակերտում։

Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս քայլերն իրականացվել են ռուս խաղաղապահների խորհրդով, որպեսզի ներքին իրավիճակի ապակայունացում չլինի»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մշտապես գործուղումների մեկնող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նաեւ Մոլդովայում կլինի նրա հետ: Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանը վարչապետի՝ տարբեր երկրներ այցից մի քանի օր առաջ է անգամ մեկնում տվյալ երկիր, հանդիպումներ ունենում, մինչեւ գալիս է Փաշինյանը:

Այս անգամ Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին կմիանա Մոլդովայում, որտեղ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Սեւակ Ղահրամանյանը եւ անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը մայիսի 30-ից մինչեւ հունիսի 2-ը ներառյալ կգործուղվեն Սլովակիայի Հանրապետություն, ապա՝ Մոլդովա:

Այս այցը եւս կլինի պետբյուջեի հաշվին: Առհասարակ, Արմեն Գրիգորյանը պետբյուջեի հաշվին ամենից շատ գործուղման մեկնող պաշտոնյաներից մեկն է: Վերջինս նաեւ Մոսկվայում էր, երբ Փաշինյանը մասնակցում էր ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, ապրիլ ամսին էլ նա Իրանում էր եւ այդպես շարունակ: Ընդ որում՝ նա գործուղման գրեթե մշտապես մեկնում է իր օգնականի հետ, բնականաբար՝ կրկին պետբյուջեի հաշվին: