«Ադրբեջանական մաֆիայի» ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Ադրբեջանական մաֆիայի» ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նա մեղադրվում է Սանկտ Պետերբուրգում անցորդների վրա հարձակումների համար։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Խմբավորման բոլոր ձերբակալված անդամները հայտնել են, որ իրենց ղեկավարը և հանցագործությունների կազմակերպիչը Սանկտ Պետերբուրգի 18-ամյա բնակիչ է, ազգությամբ ադրբեջանցի, բայց Ռուսաստանի քաղաքացի։ Պարզվել է, որ նա սանկտպետերբուրգյան ձեռնարկատիրոջ որդին է։ Հայրը մի քանի ընկերությունների սեփականատեր է և գլխավոր տնօրեն։
Ըստ քննիչների՝ ամբաստանյալները հարձակվել են պատահական անցորդների վրա և հրահրել ծեծկռտուք, ինչպես նաև նկարահանել են նրանց հարձակումները և հրապարակել համացանցում։ Քաղաքի դատախազությունը հատուկ հսկողության տակ է վերցրել այս հանցագործությունների հետաքննությունը։
Խմբավորման 8 ենթադրյալ անդամներ արդեն բերման են ենթարկվել ոստիկանության կողմից: Առայժմ նրանք բոլորն ունեն վկայի կարգավիճակ։ Սակայն գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով («Խուլիգանություն»): Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունների մասնակիցներին կարող է սպառնալ մինչև յոթ տարվա ազատազրկում։