Երևանի քաղաքապետարանի թքած ունենալու նուրբ արվեստը

Վերջին օրերին սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթը ուղղակի եռում է. տոնական օրերից հետո պարզվեց, որ QR կոդերը, որոնք այսուհետ պարտադիր են մայրաքաղաքում տրանսպորտից օգտվելու համար, վավերական են ոչ թե յոթ օր, այլ առավելագույնը 4 օր։ Եվ սա մարդիկ պարզել են «պոստֆակտում», երբ նախապես գնած QR կոդերը չեն կարողացել օգտագործել ու տրանսպորտից օգտվել:
Այն, որ տրանսպորտի այսպես կոչված բարեփոխումները կանգնել են բոլորիս կոկորդին, բազմիցս է գրվել, բայց սա հերթական օրինակն է, թե որքան փնթի ու անփույթ է Երևանի քաղաքապետարան կոչված կառույցը վերաբերում ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, որոնց այդ կառույցում միտված են ծառայել, այլև հենց իրենց պարտականություններին:
Ինչո՞ւ: Որովհետև միայն այսօր քաղաքապետի խոսնակը, կարդալով հարյուրավոր քննադատական մեկնաբանություններ իր ղեկավարի, իրենց կառույցի, ավտոբուսների, QR կոդերի ու մնացածի վերաբերյալ «վդռուգ» պարզաբանեց, թե որոշումը, ախր, դեռ դեկտեմբերի վերջ ընդունել է Երևանի ավագանին ու, իբրև, այս ի՞նչ աղմուկ է:
Բայց այստեղ կա մի բայց. նույն քաղաքապետարանը ՉԻ իրազեկել հանրությանը, որ իրենց դարի որոշումը՝ տրանսպորտը թանկացնել, մարդկանց պարտադրել օգտվել բացառապես մեկ օպերատորից, QR կոդեր գնել, երբ, օրինակ, նույն թոշակառուները նույնիսկ բջջային հեռախոսից օգտվել չգիտեն ու եթե մեկը չունեն, որը նրանց փոխարեն կգնի այդ անիծյալ կոդերը, ուղղակի ստիպված ոտքով պետք է տեղաշարժվեն... որ այս որոշումը լրացվել է, հագեցվել է ևս մեկ ենթաորոշմամբ, որն ավելի խոցելի է դարձնում մարդկանց, ավելի է ոտնահարում նրանց շահերը:
Բայց դե Երևանի քաղաքապետարանին շատ պե՞տք են նման սենտիմենտալ նրբությունները, ինչի՞ մասին է խոսքը. թքած ունենալու արվեստը իրենց համար սեղանի գիրք է դարձել, քրեստոմատիկ ճշմարտություն:
Որպեսզի մեր քննադատությունը չլինի մերկապարանոց ու քաղաքապետարանում տոնական օրերից հետո նման ակտիվ ու գունեղ քննադատության արժանանալուց շատ չնեղսրտեն, MediaHub-ը հատուկ ուսումնասիրեց Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, որպեսզի գոնե մի փոքր հուշում գտնի, որ նման «նվեր է» բոլորիս սպասվում ամանորյա տոներից հետո: Բայց ոչ, ո՛չ մի հիշատակում էլ չգտանք, Երևանի ավագանու տարեվերջյան նիստից կա հաղորդագրություն, որում նշվում է, որ «Երևանի ավագանին տարեվերջյան նիստում հաստատել է 2025թ. բյուջեն», հետո որոշ թվեր ու իբրև բարեփոխումներ են նշվում, որ արվել կամ արվելու են, բայց ամենակարևորի մասին, որ մարդիկ ընդամենը հաշված օրեր անց նման լուրջ խնդրի են առերեսվելու՝ ոչ մի տառ, ոչ մի բառ: Եթե սա Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ու ընդհանուր կառույցի՝ ՀՀ քաղաքացիների, երևանցիների վրա թքած ունենալու ամենավառ օրինակը չէ, ապա ի՞նչ է: Ուրիշ ինչպե՞ս բնութագրել:
Իսկ ահա հիմա մարդիկ, որ գնել էին QR կոդերը մի քանի օրվա համար, անիմաստ հարց են հնչեցնում՝ արդյո՞ք իր պարտականություններում թերացած Երևանի քաղաքապետարանն իր սիրելի «Tell Cell» ընկերության հետ հանդերձ պատրաստվում է փոխհատուցել այն մի քանի օրերի գումարային կորուստը, որ իրենք ունեցել են, քանի որ քաղաքապետարանում «լայաղ չեն արել» իրազեկել այդ կարևոր փոփոխության մասին: Հարցը, թերևս, հռետորական է, բայց քննադատությունն ու «բարեմաղթանքները» լրիվ իրական ու ի սրտե:
Հ.Գ. Tell Cell ընկերության աշխատանքի հետ կապված ևս բազմաթիվ ու բազմապիսի հարցեր կան՝ QR կոդը չի տպում, համակարգը կախում է, մանրը չի վերադարձնում, այլ առաջարկում է այն փոխանցել հեռախոսահամարին կամ իրենց իսկ դրամապանակին, ինչը նորմալ չէ, քանզի մարդը տրանսպորտից օգտվելու համար պարտավոր է, այո, ունենալ գումար, բայց պարտավոր չէ այդ գումարի մանրը ստանալ ոչ թե առձեռն, այլ ինչ-որ համարի փոխանցումով, և այլն: Այս հարցերին կանդրադառնանք հաջորդիվ: