«Պետք չէ անպայման հայ լինել «Հայոց ցեղասպանություն եղել է» ասելու համար»․ թուրք պատգամավոր

«Պետք չէ անպայման հայ լինել «Հայոց ցեղասպանություն եղել է» ասելու համար»․ թուրք պատգամավոր

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter սոցկայքում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Իմ սրտում զգում եմ բոլոր այն մարդկանց ցավը, որոնք կորցրեցին իրենց կյանքը 1915թ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հարկավոր է, որ մենք առերեսվենք պատմության հետ և կարեկցանք ցուցաբերենք: Մենք պիտի զգայուն լինենք ամեն ցավի նկատմամբ»,- գրել է Գերգերլիօղլուն։

Համացանցում թուրք օգտատերերը կոշտ են արձագանքել ընդդիմադիր պատգամավորի համարձակ այս գրառմանը և նրան դարձրել ատելության խոսքի թիրախ։ Իսկ թուրքական մի շարք լրատվամիջոցներ նրա գրառումը որակել են սկանդալային։

Հիշեցնենք, որ Գերգերլիօղլուն 2017թ. ապրիլի 24-ին, երբ դեռ պատգամավոր չէր, դարձյալ ցավակցող գրառում էր արել՝ մասնավորապես ասելով.

«Պետք չէ անպայման հայ լինել, որպեսզի ասել «Հայոց ցեղասպանություն եղել է»։ Արդար մտածող ամեն մի մարդ, ով անաչառ է նայում պատմությունը, դա կընդունի, պիտի ընդունի»։

Նշենք, որ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն անդամակցում է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP):