Եկել ենք Բարեկամավան, սահմանին մոտ, բայց գյուղեր հանձնելու քննարկումները հանգիստ չեն տալիս

Եկել ենք Բարեկամավան, սահմանին մոտ, բայց գյուղեր հանձնելու քննարկումները հանգիստ չեն տալիս

Արամի ու Սաթենիկի ընտանիքը՝ 6 անչափահաս երեխաների հետ Արցախի Խնկավան գյուղից տեղահանվել ու Հայաստան են եկել ձեռնունայն։ Սաթենիկն ասում է, որ այնպես հանկարծակի եղավ տարհանումը, որ տնից ոչինչ վերցնել չեն հասցրել, միայն թե երեխաներին անվնաս դուրս բերեին։ 

«Հայաստան տեղափոխվելուց հետո նախ գնացինք Շիրակի մարզ, ապաստանեցինք Մարալիկի շրջանի գյուղերից մեկում։ Այնտեղ ապրում էինք վարձակալական հիմունքներով, բայց կեցության պայմանները հարմար չէր։ Մի օր ֆեյսբուքով տեսա, որ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում անվճար տուն են տրամադրում։ Պայմանավորվեցինք ու գնացինք, սիրահարվեցինք տեղանքին, որովհետև շատ նման է մեր գյուղին»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Սաթենիկ Սաղաթելյանը։ 

Կյանքը բռնի գաղթից հետո շատ ավելի էր դժվարացել բազմանդամ ընտանիքի համար, սական մեր զրուցակիցն ասում է, որ Բարեկամավանում բարեկամավարի են ընդունել և՛ իրենց ընտանիքին, և՛ այստեղ ապաստանած մյուս 7 ընտանիքներին։ Բնակարանը՝ տնամերձ հողամասով տրամադրել են անվճար։

«Իսկական հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող, աշխատող ընտանիքների տեղ է Բարեկամավանը։ Մենք էլ այգին մշակել ենք ու սպասում ենք առաջին բերքին։ Գյուղապետը մինչ օրս էլ օգնում է մեր ընտանիքին։ Բարեկամավանցիները՝ ով ինչով կարող է։ «Մեկ ընտանիք միսիա» նախաձեռնությամբ քույր Մարիամը մեզ կով ու հորթ, իսկ Թաթուլ Հակոբյանը՝ ոչխար է նվիրել։ Փառք Աստծո, բարի մարդկանց շնորհիվ կամաց-կամաց ուղղում ենք մեր մեջքը»,-ասաց Սաթենիկը, իր մտահոգությունը հայտնելով միայն սահմանի փխրուն խաղաղության մասով.

«Թողնեն գոնե այստեղ հանգիստ ապրենք։ Եկել ենք Բարեկամավան, գիտակցելով, որ սահմանին մոտ է, իսկ այս օրերին մեր ուղղությամբ գյուղեր հանձնելու քննարկումները հանգիստ չեն տալիս։ Աստված չանի նորից ինչ որ բան սկսվի»,-ասում է նա։ 
Արամ Աթասյանն ու Սաթենիկը 2 ամսից կունենան իրենց 7-րդ երեխային։ Սաթենիկն ասում է՝ «ուզում եմ փոքրիկս իր ծնունդով խաղաղություն բերի, մենք էլ մեր երեխաներով ու աշխատանքով պինդ պահենք Հայաստանի սահմանը»։ 

Օրը բացվելուն պես ընտանիքը լծվում է տան ու դաշտի գործերով։ Եղանակները տաքանալուն պես աշխատանքը բաժանել են հավասարապես, որ կարողանան լուծել սոցիալական խնդիրները։ 

«Այս պահին էլ ամուսինս գնացել է սինդրիկ հավաքելու, իսկ ես այգու գործերով եմ զբաղված։ Պատերազմ պետք չի, մենք ու տեղաբնակ բարեկամավանցիները միայն խաղաղություն ենք ուզում»,-ընդգծում է Սաթենիկը։

Հունան Թադևոսյան