Սեդրակ Առուստամյանի ձկնաբուծարանը բացասական եզրակացություն է ստացել

Սեդրակ Առուստամյանի ձկնաբուծարանը բացասական եզրակացություն է ստացել

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գործող «Ռապս» ՍՊԸ-ի ձկնաբուծարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտին։ Գրել է «Հետքը»։

2007թ․-ին հիմնադրված «Ռապս» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Սեդրակ Առուստամյանն է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի նախկին գլխավոր տնօրենը։

1,35 հա տարածքում գործող ձկնաբուծարանը զբաղվում է ծիածանափայլ իշխանի բուծմամբ և ունի տարեկան 112 տոննա արտադրողականություն։

Համաձայն հայտի՝ տնտեսությունում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով նախատեսվում է ներդնել ջրի փակ շրջանառու համակարգ և ջրառի բոլոր կետերում տեղադրել ուլտրաձայնային ծախսաչափեր, ինչի բավարար լուծումները հայտում ներկայացված չեն եղել։ Հայտը վերադարձվել է ձեռնարկողին՝ լրամշակման, սակայն լրամշակված հայտում չեն ներկայացվել բավարար տեխնիկատեխնոլոգիական լուծումներ շահագործման ընթացքում ջրային ռեսուրսները խնայողաբար օգտագործելու և պահպանելու համար։

Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարանների աշխատանքները պարունակում են ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրային հաշվեկշռի անհավասարակշռության վերականգնման և պահպանման ռիսկեր։

Դրանից ելնելով անհրաժեշտ է ձկնաբուծարանում գործունեությունն իրականացնել փակ շրջանառու համակարգով, ինչի ներդրման ժամկետ է սահմանվել 2024թ․ հունվարի 1-ը: Համաձայն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի՝ ոչ ուշ, քան մինչև 2024թ․ թվականի մարտի 1-ը ջրօգտագործողը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին պետք է ներկայացներ փակ շրջանառու համակարգի տեղադրման և շահագործման վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես՝ ջրի մաքրման, թթվածնով հարստացման և կրկնակի օգտագործման համակարգի տեղարդված լինելու վերաբերյալ, ինչը, ըստ եզրակացության, ներկայացվել է թերի։

Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ ձկնաբուծական տնտեսությունում շահագործվող 3 խորքային հորերից միայն մեկի վրա է տեղադրված ուլտրաձայնային ծախսաչափ, այնինչ Կառավարության 2023թ․ դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշմամբ պարտադիր պահանջ է մինչև 2024թ․ հունվարի 1-ը ջրառի բոլոր կետերում ուլտրաձանային ծախսաչափերի տեղադրումը։

««Ռապս» ՍՊԸ-ի գործող ձկնաբուծարանի շահագործման աշխատանքների հայտի վերաբերյալ փորձաքննական եզրակացության համար հիմք են հանդիսացել Ջրային օրենսգրքի 37․3 հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով ամրագրված և 2023թ․ դեկտեմբերի 28-ի N 2305-Ն Կառավարության որոշմամբ սահմանված պահանջների ոչ բավարար կատարումը»,- նշել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Աստղիկ Վարդանյանը։

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանությանը վերաբերող 37.3 հոդվածը պարտավորեցնում է ջրօգտագործողին հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերը ձկնաբուծարաններում օգտագործել փակ շրջանառու համակարգով: Իսկ Կառավարության նշված որոշումը սահմանում է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը։

Փորձագետ Վարդանյանից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչ է տեղի ունենալու գործող ձկնաբուծարանի հետ, եթե վերջինիս հայտը բացասական եզրակացություն է ստանում՝ փակվելո՞ւ է, ջրօգտագործումը կասեցվելո՞ւ է, թե՞ այլ գործընթաց է ենթադրվում։ Մասնագետը պարզաբանեց, որ ընկերությունն արդեն նշված թերությունները վերացնելու փուլում է, իսկ մինչ այդ իրենք եզրակացությունն ուղարկում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ իրենց գործառույթներին համապատասխան ընթացք տալու նպատակով։ Թե ինչ կանի տեսչական մարմինը, արդեն իրենց գործառույթն է, կարող է տուգանել, նույնիսկ կասեցնել տնտեսության գործունեությունը մինչև թերությունները վերացնելը։

Սեդրակ Առուստամյանը, հիշեցնենք, անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի գործերով։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի համաձայն` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման կապակցությամբ նախնական ապահովման միջոց է կիրառվել, և արգելվել է Սեդրակ Առուստամյանին տնօրինել գույքը։ Մեկ այլ վարույթով պարտավորեցվել է Սեդրակ Առուստամյանին ձեռնպահ մնալ ընկերության 100 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործարքի պետական գրանցումից։

Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից երևում է, որ մի շարք արգելանքներ են կիրառված նաև «Ռապս» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա։