Աբովյանում վթարից հետո կրակոցներ արձակողը հայտնաբերվել է. զենքը ոստիկաններին է ներկայացրել Կամարիսի ղեկավարը

Աբովյանում վթարից հետո կրակոցներ արձակողը հայտնաբերվել է. զենքը ոստիկաններին է ներկայացրել Կամարիսի ղեկավարը

SHAMSHYAN.com-ը հունվարի 4-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական վարույթի շրջանակներում քննչական բաժինը պարզել է, որ Opel-ը վարել է Երևանի բնակիչ 34-ամյա Վահրամ Քյուրքչյանը, իսկ քրայսլերը վարել է Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ 38-ամյա Մարատ Եղիազարյանը:

Վթարից հետո ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու ոստիկանները Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայքային ոստիկանության բաժամունքների ծառայողները նշված անձանց հայտանբերել ու տեղափոխել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացրել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ ոստիկաններն ու քննիչները փորձում էին պարզել, թե ով է կրակոցի հեղինակը, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայանում Աբովյան խոշորացված համայնքի Կամարիս վարչական շրջանի ղեկավար 30-ամյա Հովհաննես Սարգսյանը և ոստիկաններին է ներկայացնում «Ekol» տեսակի ատրճանակը, որի պահեստատուփի մեջ լինում է 1 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, ատրճանակի փամփշտանոցում լինում է 1 հատ 9 մմ տրամաչափի փափմուշտ:

Կամարիսի վարչական ղեկավարը ոստիկաններին հայտնում է, որ նշված ատրճանակն իրեն է տվել Մ. Եղիազարյանը, ինչն էլ ինքը ներկայացնում է ոստիկաններին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 14-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել , որ Աբովյան քաղաքում ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Պարզվել էր, որ Աբովյան քաղաքի Արզնու խճուղի, Սևանի, Երևանյան և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Chrysler 200 LX մակնիշի ավտոմեքենաները, որի ժամանակ ավտոմեքենաներից մեկից դուրս էր եկել մի քաղաքացի և իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել։

Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն էին կատարել պարեկ Նարեկ Սահակյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Աբրահամյանը։

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել էին կրակված 1 պարկուճ և 1 գնդակ։

Դեպքի փաստով Ս. Սեդրակյանի որոշմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։