Յոթ ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում երկաթի պակասի մասին

Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը iz.ru-ի հետ զրուցում պատմել է՝ որ ախտանշաններ են հուշում օրգանիզմում երկաթի պակասի մասին։ Ինչպես նշել է փորձագետը, այս հիվանդությունը հաճախ է հանդիպում կանանց մոտ։ Վերարտադրողական տարիքի կանանց դեպքում խնդիրը պայմանավորված է դաշտանի ժամանակ արյան կորստով, իսկ դաշտանադադարից հետո՝ աղեստամոքսային տրակտի արյունահոսություններով։
Երկաթի պակասը սովորաբար դրսևորվում է գլխապտույտով, մազաթափությամբ ու եղունգների վիճակի վատթարացմամբ: Բացի այդ, այս տարրի պակասը հաճախ հանգեցնում է նաև անբացատրելի հոգնածության։
Քաշուխի խոսքով՝ երկաթ պակասորդային սակավարյունությունը (անեմիա) կարող է զարգանալ երկաթի կլանումը խանգարող բորբոքային հիվանդությունների հետևանքով։ Բացի այդ, այս խնդիրը հաճախ է զարգանում նաև սննդակարգին չհետևելու դեպքում: Ինչպես ընդգծել է մասնագետը, օրգանիզմը բավարար քանակությամբ երկաթով ապահովելու համար անհրաժեշտ է հարստացնել սննդակարգը մսով և ենթամթերքով։ Երկաթի բուսական աղբյուրներից են սպանախը, խնձորը, ծիրանաչիրը և այլն։
Օրգանիզմում երկաթի մակարդակը որոշելու համար անհրաժեշտ է պարբերաբար արյան հետազոտություններ անցնել։ Տևական ժամանակ անուշադրության մատնելու դեպքում սակավարյունությունը կարող է դառնալ հևոցի, հաճախասրտության և ուշադրության վատթարացման պատճառ, ուստի խնդրի ախտորոշման դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին ու սկսել անհրաժեշտ դեղորայքային բուժումը։