Հայաստանը մեկնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթա՞ց

Հայաստանը մեկնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթա՞ց

«Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքն այսօր մի լուր է հրապարակել, համաձայն որի, ըստ իրենց աղբյուրի, Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի իր քվոտայից:

MediaHub-ը  հիշեցնում է, որ ՀՀ ԱԳ նախարարությունն ունի մի ավանդույթ՝ հնարավորինս խուսափել աշխատել ԶԼՄ-ների հետ: ԱԳՆ-ից որևէ պաշտոնյա մեր զանգերին ու հաղորդագրություններին չպատասխանեց ՝ ո՛չ խոսնակ Վահան Հունանյանը, ո՛չ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը,  ո՛չ էլ լրատվության բաժնում կենդանի շունչ կար:

Կենդանի շունչ չգտանք նաև Անվտանգության խորհրդում՝ անգամ խոսնակը հեռախոսազանգերին չպատասխանեց:

Բայց մենք համոզված ենք, որ այսօր օրվա ընթացքում MediaHub-ի հարցի պատասխանը կհրապարակվի ԱԳՆ նախընտրելի լրատվամիջոցում՝ ինչպես բազմիցս է եղել:

Նշենք, որ ներկայումս ՀԱՊԿ քարտուղարն ունի երեք տեղակալ՝ Վալերի Սեմերիկովը (ՌԴ), Սամաթ Օրդաբաևը (Ղազախստան), Թահիր Հայրուլլոև (Տաջիկստան): ՀԱՊԿ քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը պաշտոնը ստանձնել է 2023 հունվարի 1-ից՝ երեք տարի ժամկետով: