Առուշ Առուշանյանը դեռ Գորիսի քաղաքապետն է

Առուշ Առուշանյանը դեռ Գորիսի քաղաքապետն է։ Դատարանի ակտը այն մասով, որ նա զրկվում է պաշտոնից, դեռ ուժի մեջ չէ։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գայանե Պապոյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը, ըստ որի՝ Առուշանյանի նկատմամբ պատիժը՝ 6 ամիս 12 օր ազատազրկում, պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան․ նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
«Երբ որոշումը բողոքարկվող ատյաններով կանցնի, ակտը օրինական ուժի մեջ մտնի և չբեկանվի, այդ ժամանակ արդեն քաղաքապետ չի համարվի, բայց, բնականաբար, պաշտպանները բողոք կներկայացնեն։ Նա այս պահին ազատության մեջ է և քաղաքապետ է և կշարունակի մնալ քաղաքապետ։ Ոչ բարենպաստ որոշումները, իհարկե, բողոքարկվելու են»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Լիաննա Թորոսյան