ԱԺ-ն սեւ խավիար է գնել, Երկուսին հարցաքննել են, մեկին՝ ոչ. Մամուլը՝ սուրճով

ԱԺ-ն սեւ խավիար է գնել, Երկուսին հարցաքննել են, մեկին՝ ոչ. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Վահե Ղալումյանից երեկ հետաքրքրվեցինք՝ կարգապահական վարույթներ հարուցե՞լ են Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի եւ մյուս ՔՊ-ականների նկատմամբ, որոնք խորհրդարանական լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանի հասցեին որոշ հայտարարություններ էին արել: Մասնավորապես՝ Աղազարյանն «արա»-ով էր դիմել, Նարեկ Զեյնալյանն էլ հորդորել էր Քյարամյանին՝ ԱԺ պատգամավորի հետ խոսելիս սահմանափակել իր ժեստիկուլյացիան՝ «մատով խոսելը»։ Երկու պատգամավորն էլ «հարցաքննվել» են Վերահսկիչ հանձնաժողովում՝ հաստատեց Ղալումյանը, սակայն հրաժարվեց պատասխանել, թե կարգապահական վարույթ հարուցե՞լ են եւ ուղարկել ՔՊ վարչություն, որը պետք է վերջին խոսքն ասի․ «Դրանք ներկուսակցական հարցեր ու խնդիրներ են, որոնց մասին ես չեմ կարող խոսել»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ Անդրանիկ Քոչարյանին ե՞րբ են պատրաստվում «հարցաքննել», եւ ՔՊ անդամ չհանդիսացող պատգամավորներին եւս քննելու իրավունք ունի՞ իր ղեկավարած հանձնաժողովը (Ա. Քոչարյանն անկուսակցական է)։ Ղալումյանը կարճ կապեց․ «Ոչ, չունի»։ Չնայած դրան՝ ՔՊ վարչությունը կարող է խմբակցության անդամ անկուսակցական պատգամավորների հարցը եւս քննել, բայց այդ որոշումները պետք է կյանքի կոչվեն ԱԺ խմբակցությունում։ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ասաց, որ տեղեկություն չունի՝ վարույթ հարուցե՞լ են իր դեմ, թե՞ ոչ: Միայն հերքեց լուրերը, թե ավտոներկրմամբ զբաղվող իր որդին եղել է նաեւ ՊԵԿ պաշտոնյա․ «Նախ պետք է ասեմ, որ իմ բազմաթիվ որդիներից ավտոներկրմամբ զբաղվել է ոչ թե Վահեն, որի մասին մամուլը գրել է, այլ՝ Իվանը, 2023 թվականին, իսկ Վահեն 2022 թվականի հունվարի 5-ից դադարեցրել է աշխատանքը ՊԵԿ-ում»։

 

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի հյուրասիրությունները մեկ անձից են կազմակերպվում՝ առանց մրցույթի: Մի կարգ, որը օրերս խնդրահարույց համարեց նաեւ ՊՎԾ նախագահ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ 2024 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր ամիսը Ազգային ժողովի կարիքների համար պաշտոնական պատվիրակությունների ընդունելության, հյուրասիրության ծառայությունների ձեռքբերման համար կնքվել են մի քանի պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 9 մլն դրամ։

Պայմանագրերը կնքվել են Ազգային ժողովի եւ «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ», «Դը Փաբլիք», «Բլիզարդ»,«Պաուլաներ», եւ «ՍԻՄՓԼ ԴԻԼ» ՍՊԸ-ների միջեւ։

Պայմանագրում առկա են ուշագրավ գնումներ. օրինակ՝ 20 գրամ սեւ ձկնկիթը՝ վերնագրված «պետության կարիքների համար»:

Թե երբ եւ ինչպես է «օգտագործվել» «Բլիզարդ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի արդյունքում մատակարարված սնունդը, մասնավորապես 20 գրամ ձկնկիթը, ԱԺ-ից հրաժարվել են պարզաբանելուց:

«ՀՀ Ազգային ժողովի 2024 թվականի կարիքների՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունման, հյուրասիրությունների կազմակերպման նպատակով ԱԺ-ի եւ «Բլիզարդ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագիրը հասանելի է գնումների կայքում»։

«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցմանը, թե որ պատվիրակության համար է կազմակերպվել գնումը, ԱԺ-ից եւս փաստացի հրաժարվել են պատասխանելուց՝ ուղղորդելով պաշտոնական կայք:

Գուցե ԱԺ աշխատակազմից տեղյակ չեն, որ բաց աղբյուրում դրված տեղեկությունը տեսնելով էինք հենց մանրամասներն իմանալու համար հարցում արել:

Ամեն դեպքում, ստորեւ տեղադրենք «պետության կարիքների համար» գնված մթերքների ցանկը, որոնց համար կնքվել է պայմանագիրը, թե ովքեր են «պետության կարիքների համար» օգտվել այդ հյուրասիրությունից»: