Ինչո՞ւ է պաշտոնական կայքից հեռացվել «ԼՂ հիմնախնդիր» բաժինը. ԱԳՆ-ից պարզաբանում են

Ինչո՞ւ է պաշտոնական կայքից հեռացվել «ԼՂ հիմնախնդիր» բաժինը. ԱԳՆ-ից պարզաբանում են

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից անհետացել է «ԼՂ հիմնախնդիր» բաժինը՝ չորս լեզուներով: Երբ փորձում ես մուտք գործել այդ բաժին, error է տալիս։ 

Հետաքրքրական է, որ սա եղավ այն ժամանակ, երբ ընդամենը օրեր առաջ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ բացի Անկախության հռչակագրից, Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ 

Ինչևէ, MediaHub-ը փորձեց ԱԳՆ-ից ճշտել, թե ինչ խնդիր է՝ ՀՀ ԱԳՆ-ն կատարում է Ադրբեջանի պահանջը, թե՞ այլ բան կա։ «Տեխնիկական խնդիր է, եթե տեսնեք, այլ բաժիններ էլ կան, որ այս պահին չեն գործում»,- վստահեցրին մեզ գերատեսչությունից։ 

Հարցին, թե արդյո՞ք տեխնիկական խնդրի լուծումից հետո բաժինը կվերականգնվի նույնությամբ, մեզ վստահեցրեցին՝ այո։ Ճշտող հարցին, թե նախկինում հրապարակված տեքստերը և՞ս կվերականգնվեն, կրկին դրական արձագանք տրվեց։

Նարե Գնունի