Մարտունա կարտոլը ոսկու գնից իջել ու հասել է ջրի գնի․ բնակիչները բողոքում են 

Մարտունա կարտոլը ոսկու գնից իջել ու հասել է ջրի գնի․ բնակիչները բողոքում են 

Այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի բնակիչները հերթական անգամ փակել են Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը․ նրանց դժգոհությունն այն է, որ նախորդ տարվա կարտոֆիլը չեն հասցրել իրացնել, հիմա էլ ստիպված են ջրի գնով վաճառել, որ կարողանան գոնե իրենց ծախսը հանել։

«Էնքան ա էժանացել, որ ավելի լավ ա խոզերի առաջ լցնենք կարտոֆիլը, քան վաճառենք»,- MediaHub-ի հետ զրույցում նեղսրտած ասաց մարտունեցիներից մեկը։

Նա նշեց, որ տարիներ շարունակ նույն խնդրի առաջ են կանգնում․ քափ-քրտինքով հող են մշակում՝ ամբողջ ամառ ջրի համար պայքարելով, հետո էլ սկսվում է տանջանքի երկրորդ փուլը՝ իրացումը։
«Համայնքապետարանից ասում են՝ քիչ ցանեք, գիտեք, որ դժվար է իրացվում, բայց մենք էլ ապրուստի էդ միջոցն ունենք, ո՞նց քիչ ցանենք։ Հեշտ են խոսում։ Հետո էլ կմեղադրեն, որ թողնում գնում ենք էս երկրից»,- նշեց նա։

Տեղեկացնենք, որ Մարտունու համայնքապետ Հովիկ Հովեյանը հանդիպել է ակցիա իրականացնողներին, խոստացել, որ հարցը կներկայացնի մարզպետարանում, կփորձի լուծում գտնել, որից հետո բնակիչները բացել են ճանապարհը, թեև նրանցից շատերը դեմ են եղել տուն գնալուն։

«Էլի փափուկ բարձ կդնեն գլխներիս տակ, կուղարկեն տուն։ Պիտի հիմա մնանք ու մեր հարցին լուծում տանք»,- նշեց մեկ ուրիշ մարտունեցի։

Ինչևէ, վերջնական որոշմամբ բնակիչները բացել են ճանապարհը, բայց խոստանում են՝ հինգ օր հետո, եթե խնդիրը չլուծվեց, էլ իրենց դեմն առնել չի լինի։

Նարե Գնունի