Փաշինյանի «անկեղծությունը»

«Հուսով ենք՝ հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրելու։ Ցավում եմ, որ վաղն առիթ չեմ ունենա հայտարարելու, որ այդ կարևոր որոշումը կայացված է»,- երեկ խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի «ցավը» պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալիևի դեմարշի պատճառով Գրանադայի այսօրվա հանդիպումը չի կայանալու:
Փաստորեն, ըստ Հայաստանի փաստացի վարչապետի, դա միակ խոչընդոտն է, որ հնարավոր չի դարձրել հենց այսօր խաղաղության պայմանագրի ստորագրումը: Մինչև Արցախի հայաթափությունը Փաշինյանը հնարավոր չէր համարում Գրանադայում փաստաթղթի ստորագրումը, երեկվա նրա «լավատեսությունը» հուշում է, որ նաև Հայաստանի օրակարգից է բխել այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ Արցախում:
Երկրորդ, Փաշինյանը մշտապես խոստացել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրմանը նախորդելու է դրա ներկայացումը Հայաստանի հասարակությանը՝ նրա որոշումն ունենալու նպատակով: Հիմա ստացվում է՝ Փաշինյանի հերթական խոստումը բլեֆ է եղել, որովհետև եթե Ալիևն այսօր Գրանադա մեկներ, փաստաթուղթը ստորագրվելու էր հայ ժողովրդի թիկունքում՝ Փաշինյանի միանձնյա որոշմամբ:
Եվ վերջապես, Գրանադայում փաստաթղթի ստորագրումը դառնալու էր Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության փաստաթղթավորված մեկնարկը, որովհետև հենց խաղաղության «քավորն» է դառնալու տարածաշրջանի մոդեռատորը:
Վահրամ Բագրատյան