Մենք չենք ուզում ՌԴ-ն գնա, ընդամենը խնդրում ու պահանջում ենք՝ Ռուսաստան ջան, պարտավորություններդ կատարի. Պապոյան

Ինչի՞ հետ համաձայն չէ Կրեմլը, համաձայն չէ, որ ռուս խաղաղապահները իրենց առաքելությունը իդեալական չեն կատարում։ Մենք ասում ենք, որ ռուս խաղաղապահները իրենց առաքելությունը թերի են կատարում։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Հիշեցնենք, Կրեմլի խոսնակն այսօր հայտարարել է, որ Մոսկվան համաձայն չի այն թեզերի հետ, որոնք Փաշինյանը հնչեցրել է հարցազրույցում, թե անվտանգության ոլորտում Ռուսաստանից կախվածությունը ռազմավարական սխալ է, և ռուս խաղաղապահները ձախողել են առաքելությունը Ղարաբաղում:
«Ադրբեջանցիները խաղաղապահների թերի աշխատանքի շնորհիվ գյուղեր են գրավում, փակում են Լաչինի միջանցքը․․․Այս ամենի հե՞տ համաձայն չի Պեսկովը։ Արդյո՞ք մեկը կա Հայաստանում, որ կարծում է, որ ռուս խաղաղապահները իրենց առաքելությունը փայլուն են կատարում»,- հարցադրում հնչեցրեց ՔՊ-ական պատգամավորը:
Պապոյանի խոսքով, Ռուսաստանն անշուշտ տարածաշրջանի մի մասն է կազմում։ Այլ հարց է ,որ մենք ենք մտահոգվում, որ Ռուսաստանը կարող է լքել տարածաշրջանը, որովհետև մենք տեսել ենք այդպիսի դեպքեր՝ նույն 1915թ-ին Վանը լքելը և այնտեղ տեղի ունեցածը իրենց գնալուց հետո։ Մտավախությունն այս հարցում մերն է, որ Ռուսաստանը կարող է գնալ, շեշտեց Գևորգ Պապոյանը:
«Մենք ոչ թե ուզում ենք, որ Ռուսաստանը գնա, այլ մտահոգվում ենք, որ կարող է գնալ։ Մենք կարծում ենք, որ այն փաստաթուղթը, որը Ռուսաստանը ստորագրել է նոյեմբերի 9-ին, այդ փաստաթղթով որոշակի պարտավորություններ է ստանձնել։ Մենք ընդամենը ցանկանում ենք, ուզում ենք, խնդրում ենք, պահանջում ենք, առաջարկում ենք և ասում ՝ Ռուսաստան ջան, քո պարտավորությունները եռակողմ հայտարարության կատարի։ Մենք Ռուսաստանին դեմ չենք և Ռուսաստանի դեմ ոչ մի բան չունենք և ոչինչ չենք ասում, այլ հակառակը, մենք ասում ենք, որ ուզում ենք, որ Ռուսաստանը իր պատշաճ ներկայությունը պահպանի Լեռնային Ղարաբաղում և երկար ժամանակ պահպանի»,-եզրափակեց Պապոյանը։
Մարիա Զարգարյան