Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ թե Արցախի հարցով նշաձողի իջեցումն է, այլ՝ դրա վերացումը. Հակոբյան

2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ թե Արցախի հարցով նշաձողի իջեցումն է, այլ դրա վերացումը։ Այդ մասին այսօր «Դեկտեմբերի 10. կամքի, կյանքի, հաղթանակի խորհուրդ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի վարչապետության առաջին երկու տարիների «ձեռքբերումն» այն էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացան։

«Ապա թեզ դաշտ նետվեց, ըստ որի՝ լուծումը պետք է բավարարի ԼՂ, ՀՀ և Ադրբեջանի ժողովուրդներին։ Հենց այդ մոտեցման հետևանքն էլ մենք տեսանք՝ պատերազմի տեսքով։ Արցախի ինքնորոշման իրավունքը փոխվեց անվտանգություն տերմինով։ Ու այս ամենը տեսնելով, թվում է, թե թունելում ենք, որից դուրս գալ չենք կարող։ Բայց հնարավորություններ միշտ կան, ուղղակի ցանկություն է պետք, որն այս իշխանությունը չունի»,- ասաց Հակոբյանը։

Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ Ադրբեջանն այս օրերին խիստ ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում, ինչի արդյունքում խթանվում է ծայրահեղական մոտեցման տարածումը ադրբեջանցի երիտասարդների շրջանում։ 

«Ու այս կեցվածքը ներվում է միջազգային հանրության կողմից։ Սա ցույց է տալիս, որ այս պարագայում Արցախի ինքնորոշում, այն էլ Ադրբեջանի կազմում, ուղղակի լինել չի կարող»,- նշեց պատգամավորը։


Մանրամասները՝ տեսանյութում։