Հայտնի է դարձել, թե որ մթերքն է մեծացնում քաղցկեղի առաջացման վտանգը

Հայտնի է դարձել, թե որ մթերքն է մեծացնում քաղցկեղի առաջացման վտանգը

Սինգապուրի ազգային համալսարանի (NUS) գիտնականները պարզել են, որ BRCA2 գենի մուտացիա ունեցող մարդկանց (հիմնականում կանանց) դեպքում քիմիական նյութը, որն արտադրվում է, երբ օրգանիզմը քայքայում է շաքարը, կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում: Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են BRCA2 գենի թերի տարբերակներով կամավորների ԴՆԹ-ն, որը կապված է ձվարանների և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Հետազոտողները փորձել են բացահայտել ուռուցքի առաջացման մեխանիզմները:

Պարզվել է, որ թերի BRCA2 ունեցող մարդկանց բջիջները զգայուն են մեթիլգլյոքսալի՝ գլիկոլիզի կողմնակի արտադրանքի ազդեցության նկատմամբ (մետաբոլիկ գործընթաց, որը գլյուկոզան վերածում է էներգիայի՝ տրոհելով սննդային շաքարը): Գիտնականների կարծիքով՝ մեթիլգլյոքսալի կուտակումը կարող է վնասել ԴՆԹ-ն և ժամանակավորապես ապաակտիվացնել որոշ գեներ, որոնք կանխում են քաղցկեղի զարգացումը։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ նախադիաբետով կամ շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ մեթիլգլյոքսալի մակարդակն օրգանիզմում կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման հավանականությունը, նույնիսկ եթե BRCA2-ը նորմալ է գործում:

Գիտնականների կարծիքով՝ մեթիլգլյոքսալի կոնցենտրացիան օրգանիզմում կարելի է վերահսկել ճիշտ սնվելու և ֆիզիկական ակտիվության միջոցով։ Նման միջոցները կարող են նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը այն մարդկանց մոտ, ովքեր ի սկզբանե հակված են հիվանդությանը: