ԱՄՆ-ը նախատեսում է ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստանի ուսումնավարժարաններ

Միացյալ Նահանգները նախատեսում է հարյուրավոր տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Գերմանիայի բազաներից Հայաստանի ուսումնավարժարաններ։ Փաստաթղթերի համաձայն՝ փոխադրումները նախատեսվում է իրականացնել Վրաստանի տարածքով։
Ըստ RT-ի՝ սարքավորումները կվերաբաշխվեն Դուլմենի (Գերմանիա) բազայից, որը ԱՄՆ-ի հիմնական լոգիստիկ հանգույցն է Եվրոպայում և Աֆրիկայում:
Գործողությունը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Նախատեսվում է Գերմանիայից մատակարարել 151 միավոր տեխնիկա՝ ներառյալ տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և հատուկ բեռնարկղեր։ Տեխնիկայի վերադարձը Գերմանիա նախատեսված է սեպտեմբերի 20-ին։
Բացի այդ, պայմանագրով նախատեսվում է տեխնիկայի տեղափոխում Հայաստանի Արմավիրի պոլիգոնից մինչև վրացական Փոթի նավահանգիստ։ Ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը պարզաբանել է, որ այս գործողությունը կապված է Պենտագոնի և հայկական բանակի հնարավոր համատեղ զորավարժությունների հետ։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը կարող է փորձել սահմանափակել Երևանի ռազմական համագործակցությունը Եվրամիության երկրների հետ։
Թարմացված 17:07-ին։
Ավելի ուշ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն անդրադարձել է այս տեղեկությանը։
«ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- հայտնել է գերատեսչությունը։