Անհետ կորածների հարազատներին «փնթի» ասած ՔՊ-ականը Գյումրիում պապիկներին ծեծած ՀՅԴ-ականի եղբայրն է

Անհետ կորածների հարազատներին «փնթի» ասած ՔՊ-ականը Գյումրիում պապիկներին ծեծած ՀՅԴ-ականի եղբայրն է

Արդեն հայտնել ենք, որ այսօր Արմավիրի մարզի ընդանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում ընթանում է անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի և լրագրող Լիա Սարգսյանի գործով դատական նիստը: 

Հիշեցնենք, որ Սերոբ Սարգսյանը նախորդ տարվա ապրիլի 30-ին Նալբանդյան փողոցի խանութներից մեկի մոտ կանգնած է եղել, երբ այդտեղով երթով անցնելիս են եղել անհետ կորած զինծառայողների հարազատները։ Վերջիններիս մասին Սարգսյանն ասել է՝ փնթիներ։ Դեպքից օրը՝ երեկոյան, լրագրող Լիա Սարգսյանն այդ մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել։ Այդ ամենից հետո Սերոբ Սարգսյանը դիմել է դատարան՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով։ 

MediaHub.am-ը ուշագրավ մանրամասներ է ներկայացնում Սերոբ Սարգսյանի մասին։ Նա ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանի հարազատ եղբայրն է։ Գոռ Սարգսյանը Գյումրիի հայտնի միջադեպի մասնակիցներից մեկն է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք էր եղել։ Նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մասնավորապես, կանգառում կանգնած տարեց տղամարդիկ՝ 74, 56, 72 և 84 տարեկան, հայհոյանքներ էին հնչեցրել դաշնակցական երիտասարդների հասցեին, ձվեր նետել վերջիններիս ուղղությամբ, ինչից հետո վիճաբանություն էր տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, տարեց տղամարդիկ տուժող էին ճանաչվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր հինգ քաղաքացի, այդ թվում՝ Գոռ Սարգսյանը։ Քննիչը միջնորդություն էր ներկայացրել Գոռ Սարգսյանին կալանավորելու մասին, որը բավարարվել էր։

Նարե Գնունի