Երևանի քաղաքապետի որոշմամբ դպրոցին հատկացված հողատարածքն առանձնացվել ու աճուրդով վաճառվել է

«Հետքը» գրում է․ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2007թ. որոշմամբ արդեն նախկին թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցին հատկացված մոտ 0,65 հա հողամասը բաժանվել է երկու առանձին գույքային միավորների: 617 քմ հողամասի նկատմամբ դադարեցվել է դպրոցի անհատույց (մշտական) օգտագործման իրավունքը և 555 քմ տարածքն աճուրդով օտարվել է: Աճուրդում հաղթող է ճանաչվել Խաչիկ Ավդալյանը: Նրա հետ 2007թ. կնքվել է առուվաճառքի պայմանագիր՝ հողի համար վճարելով 12 մլն 820 հազ. 500 դրամ:
Բաժանված հողատարածքներից 5960քմ-ն մնացել է դպրոցին:
Գիշերօթիկ դպրոցը հետո դարձել է թիվ 30 ավագ դպրոց, իսկ Կառավարության 2012թ․ որոշմամբ դպրոցը վերակազմակերպվել է որպես Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Հերացի» ավագ դպրոց: Համալսարանը դարձել է թիվ 30 դպրոցի իրավահաջորդը: Այստեղ այժմ սովորում է 549 աշակերտ, որոնք դպրոցի տարածքում նույնիսկ զբոսնելու համար բավարար ազատ տարածք չունեն:
Մինչև դպրոցից հողատարածք առանձնացնելն ու վաճառելը, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի 2002թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ մոտ 0.65 հա հողամասն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել էր դպրոցին: Այնուհետև դպրոցի տարածքը ճանաչվել է պետական սեփականություն և գրանցվել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2017թ. հոկտեմբերին Կառավարությանն անընթեր պետական գույքի կառավարման վարչության և բժշկական համալսարանի միջև կնքվել է տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ հողամասի, դպրոցի շենքի, պարսպի նկատմամբ:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։