Ասել են` «կայֆավատ լինել պետք չի», Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել․ Մամուլը՝ սուրճով

Ասել են` «կայֆավատ լինել պետք չի», Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Քաղպայմանագրում վերջին երկու օրերին լռության ուղտ են արել` հատուկենտ մարդիկ  են արձագանքում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը: Եթե արձագանքում են, ապա հիմնականում զուսպ ու կոռեկտ: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել: Մեր աղբյուրի խոսքով՝  «Կայֆավատ լինել պետք չի», որպեսզի չգրգռեն մարդկանց:

Իշխանական թիմում թերեւս լավ գիտեն հանրության՝ իրենց նկատմամբ իրական վերաբերմունքը, որքան էլ  քարոզչամեքենան եւ Փաշինյանը ներկայացնեն, թե շարժումն աջակիցներ չունի, կամ պայքարողները ՌԴ-ում ծվարած «նարկոբարոններն» են: Այդուհանդերձ, նրանք հոգու խորքում վստահ են, որ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու։

Ի դեպ, այս օրերին ՔՊ ներքին քննարկումներում գերիշխում է այն կարծիքը, որ իրադարձությունների՝ իրենց համար վատագույն սցենարի դեպքում ամեն ինչ անելու են, որ արտահերթ ընտրություններով հանգուցալուծեն իրավիճակը, այլ ոչ թե խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացով, ինչպես եղավ 2018-ին։ Իսկ արտահերթ ընտրությունների ժամանակ արդեն գործի կդնեն մուրճն ու մանգաղը, սեւերն ու սպիտակները, խաղաղությունն ու Ռուսաստանի ծայրագավառ չդառնալը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հանրապետության հրապարակում այսօր սպասվող հավաքը խառնել է իշխանականների անդորրը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները հրահանգ են ստացել այսօր ամենայն ուշադրությամբ հետեւել՝ որքան մարդ է մասնակցում հավաքին, ովքեր են մասնակցում, ինչպիսինն են հանրային տրամադրություններն եւ ինչպես փչացնել հավաքը քարոզչական դաշտում:

ՔՊ-ում այսպիսի տեսակետ է շրջանառվում, որ եթե անգամ մեկ-երկու հավաքով չհաջողվի հասնել իրենց՝ իշխանությունից հեռացմանը, միևնույնն է, նման ըմբոստությունները եւ հավաքները կարող են «ձնագնդիի» էֆեկտ ունենալ, ու քիչ-քիչ շարժումը ավելի մեծ թափ հավաքի․ ինչպես իրենց, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» ժամանակ եղավ։ Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր սկսել Գյումրիից քայլերթը, շատ քիչ աջակցություն ուներ, բայց, գնալով մեծ թափ ստացավ, ու հաջողվեց իշխանափոխության հասնել:

Հենց սա է նաև պատճառը, որ այսօրվա հավաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիվացել են, ու մեկը մյուսին հերթ չտալով՝ վարկաբեկում են շարժման լիդերներին, աջակիցներին, ու հատկապես, փորձում են տպավորություն ստեղծել, որ եթե շարժումը հաջողի, ու իրենք հեռանան իշխանությունից, ապա նոր պատերազմն անխուսափելի է լինելու, նախկինները վերադառնալու են և այլն:

Մյուս կողմից՝ արդեն ակնհայտ է դարձել, որ ՔՊ-ի ամենասիրելի մեթոդը՝ «նորեր-նախկիններ», «սեւեր ու սպիտակներ», այլևս ազդեցիկ նարատիվներ չեն, ու հանրությունն այլևս անհետաքրքրությամբ կամ զվարճանքով է վերաբերվում նրանց այս ծեծված թեզերին»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Շարժումը վարկաբեկելուն, քարոզչական կեղծ թեզեր տարածելուն զուգահեռ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փորձում է նաեւ փրկել իրավիճակը` կասեցնել շարժման ընթացքը, թույլ չտալ, որ փողոց ելնող մարդկանց թիվը բազմապատկվի։ Նախօրեին Կիրանցում ընթացող սահմանազատման գործընթացների հետ կապված, դիցուք, աճպարարություններ արեցին եւ Կիրանցի համայնքապետից մի քանի նախադասություն կորզեցին, թե մինչ այս պահը մի միլիմետր հայկական կողմը չի զիջել, հակառակը՝ 3 հեկտար հետ է ստացել: Եւ վարչական ղեկավարը հայտարարեց, թե ինքը գոհ է գործընթացից: Իրականում` գործընթացը սառեցվել է եւ այն, ինչ Ալիեւը պահանջել է, Փաշինյանն էլ կիրանցիներին օրեր առաջ հայտնել էր, թե սահմանը գյուղի միջով է անցնելու, հիմա ստոպ են տվել, բայց մի որոշ ժամանակ հետո կյանքի է կոչվելու։ Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշել էր ՀՀ ազգային արժեքները եւ իր էջում թվարկել էր դրանք` դրանց շարքում նշելով նաեւ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»:

Փաշինյանը փորձում է Սրբազանին աջակցող հոգեւոր հոտին հավատացնել, որ ինքը եւս հավատացյալ է, եկեղեցուն դեմ չէ, իր համար էլ է այն ազգային արժեք: Նա երեւի կարծում է, որ մարդիկ մոռացել են, որ Եկեղեցու դեմ առաջին անգամ իր իշխանության օրոք է արշավ իրականացվել եւ  իշխանության հետ սերտ կապեր ունեցող մարդկանց առաջնորդությամբ։

Եկեղեցին ազգային արժեք համարող Փաշինյանը մոռացել է երեւի, որ վերջին տարիներին որեւէ եկեղեցական տոնի, մատուցվող պատարագներին ոչ միայն ինքը, այլեւ իր իշխանության որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում: Իսկ Սուրբ ծննդյան պատարագին իշխանական վերնախավը Արուճի կիսավեր Սուրբ Գրիգոր եկեղեցում հոգեւոր երաժշտության փառատոն անցկացրին, ինչը հոգեւոր դասը մեկնաբանեց, թե` Փաշինյանն ուզում է եկեղեցին վերածել համերգասրահի։ Հիշենք նաեւ, որ այս տարի առաջին անգամ Հանրայինը Փաշինյանի հրահանգով եթեր չհեռարձակեց Վեհափառի ամանորյա ուղերձը: Այնպես որ ազգային արժեքները եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին գնահատելը խոսքով չէ, այլ գործերով: