Պարբերաբար բարձրաձայնել ենք, թե ՀՀ-ն ինչ ակնկալիքներ ունի ՀԱՊԿ-ից, բայց դրանք չեն կատարվել․ Բաքոյան 

Պարբերաբար բարձրաձայնել ենք, թե ՀՀ-ն ինչ ակնկալիքներ ունի ՀԱՊԿ-ից, բայց դրանք չեն կատարվել․ Բաքոյան 

Այս պահին շրջանառության մեջ դրված և՛ փաստաթղթեր, և՛ փաթեթներ կան, բայց ես հստակ չեմ կարող ասել, թե որ փաթեթի մասին է խոսքը, դրա մասին Արտաքին գործերի նախարարությունն ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգա։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի այն հայտարարության մասին, թե Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ իր գործընկերներին օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ 

Հարցին՝ պատկերացո՞ւմ չկա, թե ինչ օգնության մասին է խոսքը, օրինակ՝ կարող էր և՛ ռազմական լինել, և՛ հումանիտար, պատգամավորը պատասխանեց․ 

«Հստակ որևէ բան ասել չենք կարող։ Եթե հումանիտար աջակցության մասին է խոսքը, ապա կարծում եմ՝ ՀՀ-ն նման աջակցության կարիք չունի։ Վերջին անգամ չեմ հիշում, թե երբ է ՀՀ-ին ՀԱՊԿ-ից օգնություն եկել։ Պարբերաբար մենք բարձրաձայնել ենք, թե ՀՀ-ն ինչ ակնկալիքներ ունի ՀԱՊԿ-ից, բայց դրանք չեն կատարվել»։ 

Դիտարկմանը՝ գուցե օգնությունը ռազմական է, վերջինս պատասխանեց, որ հնարավոր է, սակայն հենց ինքը խիստ կասկածներ ունի։

«Սա պետության դիրքորոշումը չէ, բայց ես կարծում եմ, որ օգնությունը ռազմական չէ»,- նշեց Բաքոյանը։

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե իշխանականները հաճախ են շեշտում, որ վեկտոր փոխելու նպատակ չունեն, սակայն նույն ժամանակ ՀՀ-ն հեռվանում է ՀԱՊԿ-ից, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն արձագանքեց․ «Դա ձեր վերլուծությունն է, որ մենք հեռվանում ենք ՀԱՊԿ-ից, մենք հստակ ձևակերպումներ ու պահանջներ ունենք։ Որպես ՀԱՊԿ անդամ պետություն կառույցից ակնկալում ենք հստակ մոտեցումներ այն պարտավորությունների շուրջ, որոնք վերջինս ունի մեր պետության նկատմամբ։ Մենք ՀԱՊԿ-ից չենք հեռվանում, եթե ՀԱՊԿ-ն է մեզնից հեռանում, ապա սա այլ հարց է»: 

Հիշեցմանը, որ փաստացի ՀԱՊԿ-ը միակ ռազմական բլոկն է, որը պետք է ապահովի ՀՀ անվտանգությունը, Բաքոյանը հարցով պատասխանեց․ «Ե՞րբ է ՀԱՊԿ-ն ապահովել մեր անվտանգությունը»։ 

«Մենք ունեցել ենք տարբեր խնդիրներ, մեր տարածքային ամբողջականությանը տարբեր վտանգներ են սպառնացել, լայնածավալ էսկալացիաներ են եղել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Եվ որևէ դեպք չեմ հիշում, որ մեր միակ անվտանգային կառույցը պատրաստակամություն է հայտնել կամ միջամտել է, որպեսզի ռազմական ագրեսիան դադարեցվի։ Մեր պահանջները հստակ ձևակերպված են, այո՛, այդ կառույցը պետք է պաշտպանի մեր տարածքային ամբողջականությունը, սակայն չի պաշտպանում»,- հավելեց Բաքոյանը։

Լիաննա Թորոսյան