ԵՄ-ն խրախուսում է ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև․ Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այսօրվա եռակողմ հանդիպումն արդյունավետ է անվանել և նրանց հրավիրել նոր բանակցությունների նույն ձևաչափով՝ արդեն «ամառվանից հետո»։
Նա հայտարարել է․ «Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ։ Ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։
Միշելը արժանին է մատուցել երկու առաջնորդներին՝ խաղաղության գործընթացին նրանց նվիրվածության համար, խրախուսել՝ հետագա համարձակ քայլեր ձեռնարկել՝ դեպի հարաբերությունների կարգավորում առաջընթաց ապահովելու համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են ակտիվացնել սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները։
«Ղարաբաղում գտնվող բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների և անվտանգության հետ կապված:
Այս համատեքստում ԵՄ-ն խրախուսում է ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև։ Այս երկխոսությունը պետք է ապահովի անհրաժեշտ վստահությունը բոլոր ներգրավվածների համար»,-հայտարարել է Միշելը: