Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Վանաձորում մեկ տարի շարունակվող ճգնաժամը չի հանգուցալուծվում։ «Լուսավոր Հայաստանի»՝ Վարչական դատարան ներկայացրած հայցի քննությունը նշանակվել է 2023 թ․ մարտի 15-ին։ Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո նորընտիր ավագանին համայնքի ղեկավար պետք է ընտրեր Մամիկոն Ասլանյանին, սակայն նրան կալանավորեցին, իսկ ավագանի չանցած ԼՀԿ-ն մտավ դատարան՝ վիճարկեց արդյունքները, որ կասեցնի քաղաքի իշխանության ձեւավորումը։

«Հրապարակ» թերթը գրում է․

Ընդդիմադիրները վերադարձել են ԱԺ՝ «սեփական օրակարգով», բայց ԱԺ նիստերին չեն մասնակցում։ Թեեւ երբեմն մասնակցում են իշխանության թեկնածուների քվեարկությանը, ինչպես եղավ Հայկ Գրիգորյանի դեպքում։ Մեկումեջ մասնակցում են իշխանության բերած «հայրենասիրական» նախագծերի քննարկմանը, ինչպես եղավ Սուրեն Պապիկյանի բերած նախագծի դեպքում։ Թեեւ իրենց ձայների կարիքը ՔՊ-ն չունի։ 

«Հրապարակ» թերթը գրում է․

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը՝ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Հրապարակ» թերթը գրում է․

Ստեփանակերտից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իվանյան (Խոջալու) բնակավայրում, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը, երեկ հրամանատարական կազմը հանդիպել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որոնք ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման եւ դրա բնապահպանական հետեւանքների հետ կապված իրավիճակի հետաքննության եւ մշտադիտարկման համար»։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ են քաղաքական գործիչներն ու փորձագետները նշում, թե իրականում հայ-ադրբեջանական բանակցային գործընթաց չկա, և գործ ունենք ընդամենը նման գործընթացի իմիտացիայի հետ: Նման կարծիք ունի նաև Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որի համոզմամբ, առկա է զուտ պահանջողի և կատարողի դերակատարմամբ համագործակցություն, որտեղ պահանջողն ադրբեջանական կողմն է, կատարողը՝ հայաստանյան իշխանությունները:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում։ Ըստ այդմ, կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, մանդատներից հրաժարվելու դիմում էին ներկայացրել: Մնացել էր միայն Զեմֆիրա Միրզոևան, որը խորհրդարան է անցել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, և մանդատը դնելու դեպքում այդ քվոտան կանցներ իշխող ՔՊ-ին, այսինքն՝ «Հայաստան» խմբակցությունը կկորցներ մեկ պատգամավոր՝ հօգուտ իշխանական խմբակցության:

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում կառավարության կողմից նոր նախաձեռնություն է նախատեսվում կյանքի կոչել. մասնավորաբար, բացի ոստիկանությունում և ԱԻՆ-ում սպասվող փոփոխություններից ու վերադասավորումներից, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս մշակվում է ևս մեկ նախագիծ, ըստ որի, լուրջ փոփոխություններ կլինեն աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունների առումով, չի բացառվում նաև միավորման տարբերակը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  

Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ, որի առանցքում քաղաքապետարանի ամենաառանցքային պաշտոնյաներից մեկն է` աշխատակազմի քարտուղարի Ժ/պ Սեյրան Մեջլումյանը: Մեզ հայտնում են, որ քրգործը «նախաձեռնել է» Հակակոռուպցիոն կոմիտեն ու ՀՀ ոստիկանությունը. այն կապված է ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն որոշել է կարճել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  

Նախկիններին կոռուպցիայի, թալանի, կաշառակերության համար մեղադրող հեղափոխական իշխանության ներկայացուցիչները շարունակում են օգտվել կաշառակեր պաշտոնյաների ծառայություններից: ՀՀ ազգային ժողովում, պարզվում է, բարձր պաշտոն զբաղեցնողներից է նաեւ նախկինում դատվածություն ունեցող Հակոբ Հաջի-Հակոբյանը: Նա, որ այժմ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն է, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դեռեւս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեզծ վիզաներ է տրամադրել) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի քննչական մարմիններում այս ընթացքում խառնաշփոթ է: Բանն այն է, որ քննիչները հայտնվել են լուրջ խնդրի առջեւ եւ իրենց վարույթներում քննվող քրեական գործերով չեն կարողանում քննության ավարտ հայտարարել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է 5 մլն 430 հազար դրամի նոր գույք ձեռք բերել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով վերաբաշխում է կատարվելու ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագծում: Մասնավորապես, ըստ նախագծի՝ նախատեսվում է առաջնահերթ ձեռք բերել չհրկիզվող պահարաններ, գրասեղաններ, աթոռներ եւ բազկաթոռներ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նաեւ հիմնավորում է ներկայացրել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառված գրասենյակային կահույքը նախարարությանն է հանձնվել 2016 թվականին՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված Կառավարական 2 նոր մասնաշենք տեղափոխվելու ժամանակ: Կահույքն ունի որակական լուրջ խնդիրներ, զգալի մասը վնասված է ու մաշված: Վնասված կահույքի մեծ մասը դարձել է շահագործման համար ոչ պիտանի եւ ենթակա չէ վերանորոգման։