14 օր՝ առանց տրանսպորտի․ ի՞նչ է կատարվում Արմավիրում

14 օր՝ առանց տրանսպորտի․ ի՞նչ է կատարվում Արմավիրում

Արմավիրի մարզը շարունակում է մնալ բախտի քմահաճույքին․ Արմավիրի ու Մեծամորի բնակիչներն արդեն մի քանի շաբաթ մայրաքաղաք են հասնում՝ ով երբ ու ոնց պատահի։

Պատճառն այն է, որ մարզը սպասարկող  «Գալակտիկա տրանս» մասնավոր ընկերությաը ՏԿԵՆ-ն անհրաժեշտ տեղեկանք չի տվել, որ մեքենաները կարողանանք տեխզննման տանել։ Ու տեխզննում չանցած մեքենաները երթուղի դուրս չեն գալիս, տուգանային հրապարակ գնալու ցանկություն չկա։

Թե ինչու է ՏԿԵՆ-ը հրաժարվում տեղեկանքը տալ, պարզ չէ, թեև դժվար չէ հասկանալը, որ ընկերության հետ խնդիր ունի այս իշխանությունը։ Դրա վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ ՏԿԵՆ-ն անվավեր է հայտարարել այն մրցույթը, որով «Գալակտիկա տրանսը» դարձել է հաղթող։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանում ընկերությունը հաղթել էր ՏԿԵՆ-ին, այժմ Վերաքննիչում է գործը, դատարանի վճիռը կհրապարակվի փետրվարի 21-ին։

Մինչ այդ մարզը սպասարկում է ով ասես։

«Ով մեքենա ունի, տաքսու անվան տակ քշում է, Արմավիրի ավտոկայանի տնօրենն է մի քանի մեքենա երթուղի մտցրել, Արցախ գնացող գազելներ կային, դրանք են աշխատում, սպիտակ համարներով անհասկանալի մեքենաներ են սպասարկում մարդկանց»,- MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին ընկերությունից։

Թե ինչու ՏԿԵՆ-ը չի տրամադրել տեղեկանքը, որն, ի դեպ, որևէ կապ չունի դատական այս գործընթացի հետ, ընկերությունից չգիտեն:

«Արդեն 14 օր է փորձում ենք կապվել, բայց մեզ բոլոր տեղերից անպատասխան են թողնում, չգիտենք ինչ անել։ Ուսանողները զանգում են, նեղսրտում, չգիտեն՝ ինչ անել, դե մենք էլ չգիտենք ինչ ասենք»,- նշեց մեր զրուցակիցը։

ՏԿԵՆ-ից հայտնեցին, որ տեխնիկական խնդիրներ կան, սակայն մեքենաների՝ երթուղի դուրս չգալը միայն տեղեկանք չլինելու պատճառով չէ։

Նախարարությունից խոստացան ավելի ուշ մանրամասներ հայտնել։ Նոր տեղեկություն ստանալուն պես կհրապարակենք։ 

Ինչևէ, տեխնիկական խնդիրներն ու առկա բացերը մի կողմ․ արմավիրցիներն արդեն 14 օր չգիտեն՝ ինչպես հասնել աշխատանքի, այսօրվանից՝ նաև դասի։ Եվ իրենց, իրականում, այդ տեխնիկական մասը չի էլ հետաքրքրում։ 

«Մեզ մեքենաներով թող ապահովեն, հետո իրենց խնդիրները լուծեն։ Մնացել ենք օդում, չգիտենք՝ ում դիմել»,- ասում են արմավիրցիները։

Նարե Գնունի