Հայաստանը մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքին, բայց Հայաստանի կողմից դաշինքին անդամակցության դադարեցման մասին որևէ պաշտոնական հայտարարություն կազմակերպությունը չի ստացել: Այս մասին ՏԱՍՍ-ին հետ հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքին: Այս փուլում դա Հայաստանի որոշումն է, մենք՝ իբրև միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում: Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր գործընթացներն իրականացվում են ՀԱՊԿ նորմատիվ բազային համապատասխան: Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ռեժիմով իրազեկում է Երևանի համապատասխան կառույցներին: ՀՀ պաշտոնատար անձանց որոշ հայտարարությունների վերաբերյալ կնշեմ, որ Երևանից ՀԱՊԿ քարտուղարությունը կազմակերպությանն անդամակցության դադարեցման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի ստացվել»,- նշել է Տասմագամբետովը:

Նրա խոսքով՝ որոշ իրադարձություններ ու Հայաստանի ղեկավարության տրամադրությունները մտահոգություն են առաջացնում։

«Բայց հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական սթափություն կդրսևորի և կգնահատի կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարները»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։ Մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և կազմակերպության հետ հարաբերություններում»,- հավելել է նա։