Ներքին խառնաշփոթն Ալեն Սիմոնյանը կազմակերպեց․ Օհանյանը՝ Սահակյան-Վարդանյան վեճի մասին

Կոնֆլիկտ է տեղի ունեցել մեր պատգամավորի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի միջև Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ  նիստի ժամանակ։ Այս կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթվել էր, Ոստիկանությունը եկավ, ներկայացավ իմ սենյակ՝ ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննել և իրավական ընթացք տալ այդ գործընթացին։

Այնինչ, եթե նման որոշում է ընդունվել, պետք է երկուստեք լինի, որովհետև իմ իմացությամբ՝ նշված միջադեպի հրահրումը տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահի Վլադիմիր Վարդանյանի կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խոսելով Պետա-իրավական հանձնաժողովի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին։

Հիշեցնենք, որ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսօր վիճաբանություն է տեղի ունեցել՝ ուժի կիրառմամբ։

MediaHub-ի տեղեկություններով՝ վեճը սկսել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նրա հրահրելուց, բորբոքվելուց հետո «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է Վարդանյանին։

MediaHub-ին հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ հիմա Արաբկիրի ոստիկանության բաժնում են։

«Հիմա ոչինչ ասել չեմ կարող, ես էլ վկա եմ»,-ասել էր նա։

Մհեր Սահակյանին բերման են ենթարկել Սեյրան Օհանյանի աշխատասենյակից։

«Չէր կարող այնպես լինել, որ Մհեր Սահակյանը հենց այնպես որոշեր, վեր կենար և կոնֆլիկտ հրահրեր, հարվածեր։ Մենք արդեն պայմանավորվել էինք Ոստիկանության հետ, հրավիրեցինք Մհեր Սահակյանին, որ գնա Արաբկիր Ոստիկանության բաժին, այդ պահին եկավ Ալեն Սիմոնյանը և կարելի է ասել՝ իր գործողություններով ներքին խառնաշփոթ կազմակերպեց։ Օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից՝ ոստիկանության պետի տեղակալը սկսեց բրբրդել, ինչի իրավունքը ինքը չունի, մեծ խառնաշփոթ արեցին իմ աշխատասենյակում, միջանցքում, որն անընդունելի է»,-ասաց նա։

Օհանյանի խոսքով՝ Մհեր Սահակյանը չէր էլ հրաժարվում դուրս գալ և ոստիկանություն գնալ։ 

Դիտարկմանը, թե ասում են՝ Սահակյանը հարվածել և փախել է, վերջինս պատասպանեց՝ չեմ կարող ասել, այնտեղ չեմ եղել։ 

«Բարձր տոնով խոսակցություն, հրահրիչ գործողություններ, ձեռքը սեղանին խփել, վեր կենալ, մոտենալ․ առաջինը եղել է Վարդանյանի կողմից, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո, իրավապահ մարմինները կպարզեն»։

Մանրամասները՝ տեսանյութում: