Իրականում, նրանք ինչ-որ ցուցակ էին փնտրում, ասում էին՝ հատուկ հանձնարարականով են եկել․ ոչինչ չեն գտել․ Նիկողոսյանը՝ բնակարանի խուզարկման մասին

Քննչական կոմիտեից ներկայացրին, թե բնակարանս խուզարկում են, որովհետև հավաքների ընթացքում Ֆրանսիայի հրապարակի վրանում քաղաքացի է մահացել թմրանյութի օգտագործումից և հիմա թմրանյութ են փնտրում․ ծիծաղելի է։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը՝ խոսելով իր բնակարանի խուզարկման մասին։
«Մաշտոցի բաժնի ոստիկաններն էլ էին ծիծաղում իրենց տված հիմնավորման վրա, որովհետև գիտեն, որ ես որևէ կապ չունեմ թմրանյութերի հետ։ Զարմացել էի, որ «Իսկանդերի» մի մասը չեն փնտրում, այդպես գոնե իրավիճակն ավելի լուրջ կլիներ, ոչինչ չեն գտել։ Իրականում, նրանք ինչ-որ ցուցակ էին փնտրում, ասում էին՝ հատուկ հանձնարարականով են եկել։
Առավոտյան ժամը 7։00-ին եկել են խուզարկության, իրավաբանն այստեղ էր, այդ առումով ամեն ինչ հարթ է ընթացել։ Զավեշտն այն է, որ իրենք էլ գիտեին, որ ես թմրանյութի հետ որևէ կապ չունեմ, սպորտով եմ զբաղվում, անգամ ալկոհոլ չեմ օգտագործում»,- նշեց Նիկողոսյանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Հայրենիք», ՀՅԴ, ՀՀԿ կուսակցությունների անդամների բնակարաններում։
Լիաննա Թորոսյան