ԱՊՀ երկրներում երիտասարդ սերունդը ռուսերեն խոսում է ավելի վատ, քան անգլերեն․ Լուկաշենկո

ԱՊՀ երկրներում երիտասարդ սերունդը ռուսերեն խոսում է ավելի վատ, քան անգլերեն․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաց լեզուն ընդհանուր է համարում ԱՊՀ երկրների ժողովուրդների համար և աջակցում է ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության ստեղծմանը, գրել է БелТА-ն։

«Չի կարելի կորցնել ազգամիջյան հաղորդակցության լեզուն, ինչպես ասում են: Եվ հետո, ընդհանրապես չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է կորցնենք այն։ Դա մեզ, մեր սերնդին վնասո՞ւմ է։ Ոչ, այն չպետք է վնասի և մեր երեխաների սերնդին։ Այն մեր սեփականությունն է»,- ասել է Բելառուսի նախագահն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում:

Բելառուսի պետության ղեկավարը հայտարարել է, որ ԱՊՀ երկրներում երիտասարդ սերունդը «ռուսերեն խոսում է ավելի վատ և թույլ, քան անգլերեն և այլ լեզուներ»։ «Մենք կարող ենք հասնել նրան, որ շփվենք թարգմանչի միջոցով»,- նշել է նա։

Լուկաշենկոն հավելել է, որ «հիմնվելով այն հայեցակարգի վրա, որ լեզուն կենդանի, ստեղծագործաբար զարգացող է,  միասին զարգացնենք ռուսերենը»։ 

Նա դրական է գնահատել այն փաստը, որ Ղրղզստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում նոր դպրոցներ ու բուհեր են բացվում, որտեղ սովորում և դասավանդում են ռուսերենով։ «Սակայն դա բավարար չէ, հետևաբար ռուսաց լեզվի վերաբերյալ այս նախաձեռնությունը ոչ պակաս կարևոր է, քան ցանկացած նախաձեռնություն տնտեսագիտության ոլորտում», - ասել է Լուկաշենկոն՝ խոսելով ռուսաց լեզվի միջազգային կազմակերպություն ստեղծելու որոշման մասին։