Ի՞նչ ուղերձով է Հարությունյանը վերադառնալու Արցախ

Ի՞նչ ուղերձով է Հարությունյանը վերադառնալու Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հայաստանի կառավարությունից հայտնում են, որ այս հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ առանց լրացուցիչ մեկնաբանություններ հաղորդելու։

Ի դեպ, ուշագրավ է, որ վարչապետի պաշտոնական կայքում հաղորդագրություն և լուսանկար չկան հանդիպումից։

Ամբողջ խնդիրն այն է, որ այս հանդիպումից Արցախում հանրային մեծ սպասումներ կային: Պրահայի քառակողմ հայտարարությունից հետո, երբ Փաշինյանն ու Ալիևը փաստեցին երկու երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության մասին, Արցախի հասարակության մոտ լեգիտիմ կասկածներ առաջացան, որ պաշտոնական Երևանը «ձեռքերը լվացրել» է Ղարաբաղից:

Անցած շաբաթ և կիրակի օրերին Ստեփանակերտում տեղի են ունեցել բազմահազարանոց տարերային հանրահավաքներ, որոնց մասնակիցները պարզաբանումներ են պահանջել նախագահ Արայիկ Հարությունյանից:
Հենց այդ առաքելությամբ էլ՝ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեռ երեք օր առաջ ժամանել է Երևան: Երեք օր որևէ տեղեկատվություն չկար Հայաստանի ու Արցախի իշխանությունների հանդիպման մասին: Այսօր ԶԼՄ-ներում հայտնվեց ոչինչ չասող տեղեկատվություն, որը հաստատապես չի կարող փարատել արցախահայության մտահոգությունները:

Հիմա, բավականին բարդ իրավիճակում է հայտնվել Արայիկ Հարությունյանը: 

Նա, Ստեփանակերտ վերադառնալուց հետո, անկեղծ պետք է խոսի ժողովրդի հետ: Կամ Հարությունյանն արցախահայությանը պետք է հստակ երաշխիքներ ներկայացնի Փաշինյանի անունից, կամ էլ պետք է սահմանազատվի Հայաստանի վարչապետից՝  փորձելով ոչ ստանդարտ լուծումներ գտենլ՝ Արցախի քաղաքական ուժերին ու հասարակությանը կոնսոլիդացնելու ճանապարհով:

Վահրամ Բագրատյան