Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն էր եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել (տեսանյութ)

Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն էր եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել (տեսանյութ)

Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել:

Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը, ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացին, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։

Ժամը 22.55-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, և 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Ու սա վերջին շրջանում տեղի ունեցած նման դեպքերից ընդամենը հերթականն էր, երբ ամենամարդասիրական նպատակներով մեկնած մարդկանց դիմավորում են ընդգծված մարդատյացությամբ: Բայց խնդիրը, բարոյականից զատ, ունի նաև քրեաիրավական կողմ. սրանք որպես կանոն` քրեորեն պատժելի արարքներ են:

Հորդորում, բայց նախևառաջ պահանջում ենք` մասնագիտական առաքելությունը կատարող անձանց նկատմամբ լինել առնվազն հարգալից, անհարկի չմիջամտել և չխոչընդոտել նրանց պրոֆեսիոնալ գործունեությունը, իսկ եթե կասկածներ ունեք, որ նրանք ինչ-որ հարցում այնուամենայնիվ թերացել են` ձեռնարկել միայն ու միայն օրինական, քաղաքակիրթ միջոցներ, այլապես քրեաիրավական հետևանքներն անխուսափելի են:

`Տեսանյութն այստեղ