Եթե առևտրի որևէ դեպք լիներ, տնազուրկ չէինք լինի. արցախցիների պատասխանը Ալեն Սիմոնյանին

Եթե առևտրի որևէ դեպք լիներ, տնազուրկ չէինք լինի. արցախցիների պատասխանը Ալեն Սիմոնյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հերթական անգամ, միայն իրեն բնորոշ տոնայնությամբ ու տողատակերում վիրավորանք պարունակող հմտությամբ անդրադարձել է արցախցիներին:

Մասնավորապես, հայտարարել է, որ «խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել»:

«Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր է եղել: Անուններ չտամ: Կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել: Վերջացրե՛ք, մի՛ ապրեք հեքիաթների մեջ, թե առևտուր չի լինելու, պատ ենք կառուցելու ու իրար բարև չտանք»,- ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:  

«Արցախի շրջափակման ժամանակ արցախցիների ու ադրբեջանցիների հետ ոչ մի առևտուր չի եղել»,- MediaHub-ի հետ զրույցում վստահեցնում է Արցախի նախկին պաշտոնյաներից մեկը` նշելով, որ եթե առևտրի կամ փոխգործակցության որևէ դեպք լիներ, ապա արցախցիներն այսօր տնազուրկ չէին լինի։

«Այսինքն, Ադրբեջանի կողմից բազմաթիվ անգամ պաշտոնական առաջարկություններ եղել են՝ թե՛ հումանիտար օգնության, թե՛ առևտրի։ Բայց մեր հայրենակիցները մերժել են դա։ Անգամ կհիշեք, հումանիտար աղետի ամենաճգնաժամային պահին, երբ մնացել էինք մեն-մենակ, էլի չենք գնացել այդ քայլին, որովհետև հստակ գիտակցում էինք, որ ամեն ինչ տարվում է դեպի իրենց հետ ինտեգրում։ Մենք մերժել ենք նրանց հետ մերձեցումը»,- ասում է պաշտոնյան՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի այն պնդումը, թե Ղարաբաղում շրջափակման ժամանակ ադրբեջանցիների հետ առևտուր է եղել։

«Եթե Սիմոնյանը նկատի ունի պաշարման ժամանակ Ադրբեջանի կողմից Վիտալի Բալասանյանից գեներատորներ ձեռք բերելու գործը, որը, կարծեմ, փոխանցվել է ռուս խաղաղապահներին, ապա դա առևտուր չէ, այլ հանցագործություն, որի համար հարուցվել է քրեական գործ։ Պարզ է, չէ, որ եթե դա առևտուր լիներ, ապա քրգործ հարուցված չէր լինի»,- ընդգծեց MediaHub-ի զրուցակիցը։