Եթե Փաշինյանի վրեժի պատճառը նախկիններն են, ես ի՞նչ անեմ, արցախցին ի՞նչ անի․ Բեգլարյան 

Եթե Փաշինյանի վրեժի պատճառը նախկիններն են, ես ի՞նչ անեմ, արցախցին ի՞նչ անի․ Բեգլարյան 

Բանակցություններում նոր բան չի լինելու, 2018 թվականից ինչ նպատակ որ Փաշինյանն ունի, անշեղորեն այդ ուղղությամբ է գնալու։ Էդ մարդը Արցախը տալիս է, որ հանգիստ ապրի, բայց չգիտի, որ ամեն ինչ ավելի վատ է լինելու, քան ինքն է նախատեսել։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը՝ խոսելով Քիշնևում այսօր նախատեսված ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպման մասին։

«Ինքը մտածում է, որ Արցախը տալով Հայաստանը փրկվելու է, բայց պետք է գիտակցի, որ Ադրբեջանը հետո Սյունիքն է ուզելու ու այդպես մինչև վերջ։ Իրավաբանորեն, ես կարող եմ ասել, որ մենք պետք է միջազգային դատարան դիմենք, ինչպես Կոսովոն արեց։ Չի կարող 30 տարի Արցախն անկախ լինի, հիմա էլ տանեն մտցնեն Ադրբեջանի կազմ, ոչ մեկս չենք ապրի այստեղ։ Փաշինյանի այս ծրագիրը նոր չէ, այսինքն, պատերազմից հետո չէ, 2018 թվականից էլ այս նպատակով է եկել։ Իր թշնամանքը, գուցե, ՀՀ նախկին ղեկավարներով է պայմանավորված, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իր համոզմամբ՝ թալանել են, ծախել, բայց եթե այդպես է, ինչի՞ մինչև հիմա ազատազրկված չեն։ Եթե իր վրեժի պատճառը նախկիններն են, ես ի՞նչ անեմ, էստեղ ապրողն ի՞նչ անի։ Ես չեմ ասում, որ նախկիններն անսխալական են, բայց պահել են, պայքարել են, հիմա ինքը ի՞նչ է անում, եկավ, ասաց՝ զրոյական կետից եմ սկսում բանակցել։ Լավ, չի՞ գիտակցում ինչ է անում, Արցախում մենակ արցախցի՞ է ապրում, ի վերջո, ՀՀ անձնագիր ունենք, -յան-ով են մեր ազգանուններն ավարտվում։ Զոմբիների հավաքածուն ասում է՝ արցախցին թուրք է, բայց հենց իրենք չեն պատկերացնում, թե արցախցին ինչքան է ատում թուրքին»,-ասաց նա։

Բեգլարյանի խոսքով՝ երբեմն մտածում է, թե Փաշինյանն իրականում չի գիտակցում պահի լրջությունը, չի տիրապետում իրավիճակին։ 

«Ասում են՝ իրեն էլ են ստիպում, լավ, եթե ստիպում են՝ թող հրաժարական տա։ Ասում է՝ Բաքուն ու Ստեփանակերտը պետք է բանակցեն, ինքը շատ լավ գիտի, որ մեր նախագահը հետախուզման մեջ է, էդ ո՞նց է պատկերացնում, ո՞վ պիտի գնա բանակցի, սկի Հայաստանը չի կարողանում շահերը պաշտպանել, ուր մնաց մենք արդեն հանձնվողի դիրքում բանակցենք։ Առանց հավասար պայմանների ո՞նց է պատկերացնում բանակցությունը»,-շեշտեց Բեգլարյանը։

Նշենք, որ Քիշնևում հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 16.30:

Լիաննա Թորոսյան