Ես դեռ Արցախում եմ այնքանով, քանի դեռ տան պատուհանից տեսնում եմ Բերձորի լույսերը, Արցախ տանող ճանապարհը

Ստեփանակերտից հեռու, բայց Արցախի ամենամոտ Տեղ գյուղում է ապաստանել լրագրող Մարգարիտա Ղուշունցի ընտանիքը։ Տեղահանությունից հետո չի մտածել, թե որտեղ է ապրելու, քանի որ իր հայրական տունն այժմ սահմանամերձ դարձած Տեղն է, ինքն էլ ամուսնու և երեխաների հետ եկել ու նոր կյանք են սկսել այստեղ։
«Տեղում հաստատվելու համար ոչ թե համարձակություն, այլ բաց ճանապարհ էր պետք։ Շատ եմ սպասել, թե երբ եմ մտնելու իմ հայրական տուն։ Չեմ ցանկացել, իհարկե, այս պայմանով գալ, բայց այնպես ստացվեց, որ հարկադրված բոլորս եկանք։ Այդ ժամանակ դեռ ծանր հոգեբանական վիճակում էինք ու չգիտեինք՝ ինչ է կատարվում մեզ հետ, համարձակությունս հետո առաջացավ, երբ որոշեցինք մնալ հարազատներիս կողքին»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Մարգարիտան։
Զրույցի ընթացքում Մարգարիտան ցույց է տալիս ձայնագրություններ ու կարճ տեսանյութեր, որոնք նկարահանել է իր տան պատշգամբից։ Ոչ հեռու ադրբեջանական դիրքերն են, իսկ այնտեղից լսվող կրակոցներն անհանգստացնում են լրագրողին։
«Արցախում ապրած ու գաղթի ճանապարհը տեսած ցանկացած մարդ գիտակցում է, թե ինչ կարող է լինել հետո։ Ամեն օր հայտնվում եմ այն իրավիճակում, ինչպես 2020-ից հետո՝ Արցախում։ Ես դեռ Արցախում եմ այնքանով, քանի դեռ մեր տան պատուհանից տեսնում եմ Բերձորի լույսերը, Արցախ տանող ճանապարհը։ Ու երբ հարևան Կոռնիձորից մեքենա է մոտենում Տեղին, երեխաներս ասում են՝ «էն կողմից մեքենա է գալիս, բա ո՞նց չենք կարողանում մենք էլ գնանք»… Ծանր է ու մեծ պատասխանատվություն երեխաներին պահել այնտեղ, որտեղ վտանգն ավելի մեծ է, քան մյուս բնակավայրերում։ Ես չեմ ուզում Հայաստանում ապրող իմ հայրենակիցները զգան դա՝ սկսած բլոկադայից մինչև բռնի տեղահանություն»,- նշում է նա։
Արցախի կորստից հետո սահմանամերձ գյուղում ամուսնու և 3 անչափահաս երեխաների հետ հաստատված երիտասարդ լրագրողի համար Տեղում ապրելը սկզբունքային է, չնայած առկա ռիսկին. Ադրբեջանը հատկապես վերջին շաբաթվա ընթացքում իր ներկայության մասին բազմիցս զգացնել է տալիս, ու ոչ թե միայն տեղադրված դրոշներով, այլ կրակոցներով. «Ամեն անգամ երեխաներին հարցնում եմ՝ «գնա՞նք Երևանում ապրենք», իրենք բացառում են՝ «այստեղից Արցախն ավելի մոտ է»»։
Որպես լրագրող, որպես մարդ ու գիտակից քաղաքացի, ով իր ապրած 3 տասնամյակների ընթացքում 4 անգամ պատերազմ է տեսել, մտածում է, որ այս իրավիճակում սահմանի վիճակը կայունացնելու և անվտանգության համակարգերն ուժեղացնելու հարցում պետությունն ամեն ինչ պետք է անի՝ սկսած զինտեխնիկայի ձեռքբերումից մինչև արտաքին քաղաքական ճակատում դիրքերն ամրապնդելուց։
«Ոչ թե քաղաքում ոստիկանական ուժերը պետք է ավելացնեն, այլ սահմանում զինծառայողների թիվը, դրանով երաշխիքներ ստեղծեն, որ մարդիկ ապրեն սահմանին»,- նշում է Մարգարիտա Ղուշունցը՝ ընդգծելով, որ չնայած ամենօրյա կրակոցներին ու իրադրության հաճախակի սրումներին, ինքը հավատում է սահմանին կանգնած տղերքին, որից մեկն իր եղբայրն է։
«Իհարկե՛, ամեն կրակոցից առաջինը մտածում ես այն հարազատ մարդու մասին, ով սահմանին է, մեր տնից էլ անզեն աչքով տեսանելի են թշնամական դիրքերը, իսկ ամբողջ Տեղը նրանց նշանառության տակ է»։ Երիտասարդ կինն Արցախից հետը բերել է երջանիկ օրերից լուսանկարներ ու անջնջելի հիշողություններ։ Մասնագիտության բերումով նա եղել է Արցախի գրեթե բոլոր գյուղերում ու քաղաքներում։ Ասում է՝ հատկապես գիշերները քայլում է անցած ճանապարհներով ու ինքն իրեն հարցնում, թե ինչո՞ւ այսպես եղավ։
«Ես ծնվել ու մեծացել եմ Տեղում, բայց ինձ ավելի շատ ոչ թե սյունեցի եմ համարում, այլ արցախցի։ Այնտեղ են անցել կյանքիս ամենաերջանիկ տարիները, այնտեղ եմ սիրահարվել, ընտանիք կառուցել, մայրացել, և հիմա դժվար է ապրել առանց Արցախի»։
Ծնողների Արցախի հանդեպ ունեցած մտահոգությունները ցրում է Ռոզին, որ ծնվեց Արցախի պաշարման ժամանակ։ Ու քանի դեռ երեխան փոքր է, իսկ ինքը` ֆիզարձակուրդի մեջ, հասցրել է սովորել վարսահարդարման գործ, այս պահին էլ հաճախում է հրուշակագործության դասընթացների։
«Բռնի տեղահանությունը ստիպեց, որ հիմնական մասնագիտությունից բացի մարդ նաև արհեստ սովորի։ Ապրենք ու ստեղծենք, եթե անգամ փոքր բիզնես չհիմնեմ, գոնե հարազատներիս օրը կքաղցրացնեմ»,- ընդգծում է նա։
Հունան Թադևոսյան