Սուքիասյանը հարստանում է ու հարստանում

Սուքիասյանը հարստանում է ու հարստանում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանն է, ով իր կարգավիճակն օգտագործում է՝ սեփական բիզնեսը զարգացնելու համար: 

Մեկ անձից գնման ընթացակարգ՝ հօգուտ Սուքիասյանի։ 

Ոստիկանությունը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ հունվարի 16-ին խոշոր չափի՝ 39 մլն 984 հազար դրամ՝ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել։

Ոստիկանությունն այդ գումարով «ԿԱՍԿՈ» տեսակի ապահովագրություն է ձեռք բերել 140 մեքենայի համար։ Այս գնումը ոստիկանությունը կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։

Պարզվում է՝ այս ընկերությունից գնում կատարել է նաեւ վարչապետի աշխատակազմը՝ 165 հազար դրամի ԱՊՊԱ է ձեռք բերել, տարածքային կառավարման նախարարությունը՝ 224 հազար դրամի, Տավուշի մարզպետարանը՝ 165 հազարի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն՝ 143 հազարի, Կադաստրի կոմիտեն՝ 905 հազարի, քրեակատարողական ծառայությունը՝ 2 մլն 761 հազարի, ԱԺ-ն՝ 4 մլն դրամի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը՝ 121 հազարի չափով։ 

Հովանավորչության դասական օրինակ 

«Սիլ ինշուրանս» ընկերության հետ պետական մարմինների կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 48 մլն 487 հազար դրամ, 4 անգամ ավելի, քան մյուս բոլորի հետ կնքված պայմանագրերը միասին վերցրած։ Սա հովանավորչության դասական օրինակ է:

Վահրամ Բագրատյան